Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Նշենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել էր Խաչատրյանին կալանավորելու որոշումը:

Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը, դուրս գալով դատարանից, լրագրողներին հայտնեց, որ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի` Խաչատրյանը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը։ Խոսքը 200 միլիոն դրամի մասին է:

Հիշեցնենք` նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

ՀՔԾ-ում քննվող` Գագիկ Խաչատրյանի գործի նախաքննությունը կշարունակի ԱԱԾ-ն

ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։