Դպրոցի պահակը գյուղապետից շատ ձայն է ստացել. Հայաստանի գյուղերում իրավիճակ է փոխվում

Հայաստանի 13 գյուղում համայնքի ղեկավար են ընտրել։  Գյուղերից 6–ում գործող գյուղապետերը վերընտրվել են, 7-ում ընտրվել են նոր զեկավարներ` գյուղական ուսուցչից մինչև գյուղի փոստի աշխատակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԿԸՀ–ն ամփոփել է Հայաստանի 19 գյուղական համայնքներում կիրակի օրը` սեպտեմբերի 29-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Հայաստանի 19 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե կեսը

Նշենք, որ 19 համայնքներից 13-ում են գյուղապետ ընտրել, իսկ մնացած 6 գյուղում միայն ավագանու ընտրություններ են եղել։

13 գյուղերից 6-ում գյուղապետի պաշտոնում ընտրվել են գործող ղեկավարները։ Արագածոտնի Ղազարավան գյուղում առաջադրված 2 թեկնածուներից գյուղացիների ձայների մեծամասնությունը ստացել է  2011թ.-ից գյուղը ղեկավարող նախկին ՀՀԿ–ական, հիմա անկուսակցական Հայկ Ասատրյանը։

Արարատի մարզի Մրգանուշ գյուղում առաջադրված 3 թեկնածուներից ևս հաղթել է գործող գյուղապետը` գյուղը 1998թ.–ից ղեկավարող Մանվել Սարգսյանը, որը ՀՅԴ կուսակցության անդամ է։

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում առաջադրված 2 թեկնածուներից գյուղացիների վստահությանն է արժանացել  2011թ.–ից  գյուղապետի աթոռը զբաղեցնող Հրայր Գալստյանը։

«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է

Նույն մարզի Տանձուտ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարած 5 թեկնածուներից ընտրություններում հաղթել է 2011թ.–ից գործող գյուղապետ Մխիթար Պետրոսյանը։

Խմելու շորերով ու հրեշտակներով գյուղապետը. Ուրցաձորը հետ բերեց հրաժարական տված գյուղապետին

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում գործող գյուղապետը վերընտրվել է առանց մրցակցության։ Անկուսակցական Արամայիս Հակոբյանը, որն արդեն 4 տարվա գյուղապետ է, ստացել է ընտրությանը մասնակցած 368 ընտրողներից 351-ի քվեները։

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում համայնքի 4 տարվա ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն իր միակ հակառակորդից կրկնակի շատ ձայն է ստացել։

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում առաջադրված 2 թեկնածուներից ընտրողները նախապատվությունը տվել են համագյուղացի անհատ ձեռներեց Սամվել Աղաջանյանին։ Նախկին գյուղապետ, ՀՀԿ–ական Պարույր Սարգսյանն ընտրապայքարին չի մասնակցել։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ 2019թ–ի ապրիլին, երբ գյուղում զինված միջադեպ էր տեղի ունեցել իր որդու մասնակցությամբ։

Գյուղացիները վաղ առավոտյան հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի տան վրա, ջարդուփշուր արել գյուղապետի սեփական և ծառայողական ավտոմեքենաները։ Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով օդ էր կրակել։ Նախնական վարկածով` կրակողը եղել է գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը։ Գյուղ ժամանած ոստիկանները կանխել էին հնարավոր արյունահեղությունը։ Գյուղի բնակիչների մի մասը փակել էին գյուղի սկզբնամասում գտնվող Երևան-Գյումրի երկաթգիծը` պահանջելով գյուղապետի հրաժարականը։

«Սարուխանա կարտոլն» ու հայ–ռուսական հարաբերությունները, կամ ժողովուրդը միշտ ճիշտ է

Իսկ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 18 տարվա գյուղապետը, թեև մասնակցել է ընտրություններին, բայց պարտվել է ավագանու անդամ Դավիթ Մինասյանին։

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում էլ հրաժարական ներկայացրած գյուղապետին այսուհետ կփոխարինի գյուղի դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը, որը 53 ձայնով առաջ է անցել իր միակ մրցակից համագյուղացուց։

Նույն մարզի Լճափ գյուղում առաջադրված 4 թեկնածուներից առաջին տեղում է անկուսակցական Արսեն Հովսեփյանը, որը գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 2004թ.–ից համայնքի ղեկավար Հայկ Սիմոնյանից 4 անգամ շատ ձայն է ստացել։

Հետաքրքրական է, որ Արսեն Հովսեփյանը ստացել է 208 քվե, երկրորդ տեղը գրաված մեկ այլ անկուսակցական թեկնածու Արթուր Շահբազյանը` 170 քվե, իսկ երրորդ տեղում գյուղի դպրոցի պահակն է` 108 քվեով։ Գործող գյուղապետը վերջին` 4-րդ տեղում է։ Նրան ձայն է տվել ընդամենը 51 ընտրող։

Կենտրոնական փողոցն իր անունով կոչած գյուղապետը կհայտնվի՞ դատարանում. մարզպետը դատի է տվել

Գեղարքունիքի Վանեվան գյուղում էլ ընտրապայքարին մասնակցած 3 փեկնածուներից գյուղապետի պաշտոնը ստացել է «Հայփոստի» աշխատակից անկուսակցական Իգոր Հարությունյանը։ Վանեվանի նախկին գյուղապետը`ՀՀԿ–ական Արամ Հարությունյանը հրաժարական էր տվել 2019թ–ի ապրիլին` համագյուղացիների պահանջով։

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում գյուղացիներն ընտրել են անկուսակցական համագյուղացի  Սարգիս Հակոբյանին։ Այստեղ ևս նախկին գյուղապետն ընտրապայքարին չի միացել։

Շիրակի մարզի Գետափ համայնքում էլ գյուղացիները նույնիսկ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին չեն ընտրել։ Առաջադրված 2 թեկնածուներից նրան իրենց քվեների մեծամասնությունը տվել են 25-ամյա համագյուղացի Շիրակ Խաչատրյանին։

Հիշեցնենք, ՀՀ ՏԻՄ օրենքի համաձայն, համայնքի ղեկավարնրն ընտրվում են 4 տարի ժամկետով։ Համայնքները ղեկվարվում են կոլեգիալ որոշումներով` ավագանու միջոցով։