ՌԱԴԻՈ

Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

Փորձագետը կարծում է, որ գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է, և այսպիսի պայմաններում դժվար թե կարողանանք խոսել անկախության երաշխիքների մասին ու նաև այն արդյունքների, որ կարող է տալ այդ հանձնաժողովը:
Sputnik
Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբան, հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր և անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը:

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

Սյուզաննա Սողոմոնյանի կարծիքով՝  հիմնականում իրականացվող բարեփոխումները կարծես թե կենտրոնացվել են ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հարցում դեռևս միայն ռազմավարության նախագծի մակարդակով են կարգավորումներ նախանշած, որին գնահատական տալը դեռ վաղ է, քանի որ օրենքի նախագիծ չկա: 

«Պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի անկախություն է ապահովվելու, ինչպես է նշանակվելու ղեկավար կազմ: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, որի մասով վերջերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, այստեղ թերևս լուրջ մտահոգություններ կան, որովհետև փոփոխությունների արդյունքում ներկայումս կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է նշանակի կառավարությունը  և ԲԴՀ-ն, ինչպես նաև երեք խմբակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուն»,- նշեց Սողոմոնյանը: 

Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի

Փորձագետի կարծիքով՝ գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է, և այսպիսի պայմաններում դժվար թե կարողանանք խոսել անկախության երաշխիքների մասին ու նաև այն արդյունքների, որ կարող է տալ այդ հանձնաժողովը, որովհետև յուրաքանչյուրն այնտեղ որոշումներ կայացնելու գործընթացում կղեկավարվի կուսակցական, գուցե նաև կորպորատիվ շահերով: 

Սյուզաննա Սողոմոնյանի համոզմամբ՝ ԱԱԾ-ն կարևորագույն օղակներից մեկն է, որն ապահովում է ՀՀ անվտանգությունը և այս տեսանկյունից այդ կառույցը բացառապես պետք է զբաղվի ազգային անվտանգության ապահովման հետախուզական աշխատանքներով, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարով, որովհետև դրա դեմ պետք է պայքարեն մասնագիտացված մարմինները: 

Ուժային կառույցների ղեկավարները տիրապետում են կարևոր տեղեկատվության, հետրաբար փորձագետի համոզմամբ՝ նրանք պաշտոնանկությունից հետո չպետք է հրապարակեն ինֆորմացիան ու անեն քաղաքական բնույթի հայտարարություններ, քանի որ այստեղ խոսքը երկրի անվտանգության մասին է, և ցանկացած տեղեկություն կարող է արտաքին տիրույթում օգտագործվել ի վնաս Հայաստանի: