ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Սինգապուրի հայ համայնքը նշանակալի դեր է խաղացել երկրի կյանքում։ Այս մասին ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:
«Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնց արմատները գալիս են 19-րդ դարից: Սինգապուրում կա փոքր, բայց ակտիվ հայկական համայնք, որը նշանակալի դեր ունի մեր հասարակության կյանքում», - ասաց Սյեն Լուն:
Նա նշեց, որ Սինգապուրում կա հայկական փողոց, իսկ հայկական եկեղեցին ամենահինն է քաղաքում: Եկեղեցին պահպանվում է որպես ազգային հուշարձան՝ հսկվում է ամենաբարձր անվտանգության մակարդակով:
«Նույնիսկ մեր ազգային ծաղիկը՝ խոլորձը, մշակել է հայկական արմատներով մեկը», - ասաց Սյեն Լուն:
Նա նշեց, որ երկու երկրներն էլ ձգտում են իրենց տարածաշրջաններում դառնալ «դարպաս», կարևորում են ազատ և բաց առևտուրը և ընդունում են օրենքի գերակայություն:
Սինգապուրի վարչապետը գոհունակություն հայտնեց, որ ԵԱՏՄ-ի հետ կստեղծվի ազատ առևտրի համաձայնագիր: Նա հույս հայտնեց, որ սա լուրջ խթան կլինի հետագա համագործակցության համար: Նա նաև շեշտեց երկու երկրների միջև միջազգային մակարդակով համագործակցության հնարավորությունը:
Սյեն Լուն շնորհակալություն հայտնեց Փաշինյանին այս գործընթացում իր անձնական ներդրման համար:
Հայաստան-Սինգապուր հարաբերությունների զարգացման համար կան բոլոր նախադրյալները. Փաշինյան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Հոկտեմբերի 1-ին Լունի կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում կկնքվի ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը: