Սինգապուրի վարչապետը ցույց է տվել Երևանի «երգող շատրվանները». տեսանյութ

Լի Սյեն Լունը Twiter-ի իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել գիշերային Երևանի մասին, որտեղ ցուցադրված են հանրապետության հրապարակն ու «երգող շատրվանները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն Twiter-ի իր էջում Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մասին փոքրիկ տեսանյութ է տեղադրել:

«Ես ժամանել եմ Երևան, Հայաստանի մայրաքաղաք, որտեղ կմասնակցեմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստին»,- գրել է Սյան Լուն:

Նշենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել իր հայ գործընկերոջ ՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց

Այցի շրջանակում երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ ասուլիոսով:
Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան. լուսանկարներ

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին Հայաստանի վարչապետն էր այցելել Սինգապուր։