ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Իրանի հետ հարաբերությունների առումով վարչապետի ակնարկը տեղին էր»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին` հաշվի առնելով Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն ու դրանց հնարավոր հետևանքները։
Sputnik
Տոնոյան. «Իրանի հետ հարաբերությունների առումով վարչապետի ակնարկը տեղին էր»

Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ ԱՄՆ-ում ըմբռնումով չեն մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում և բարդ տարածաշրջանում։

«Եթե 2011-12 թվականներին նույն Իրանի հետ հարաբերվելու հանգամանքին վերաբերվում էին մեղմորեն, ապա այժմ դիրքորոշումը կոշտացել է: ՀՀ վարչապետն էլ իր ելույթում ակնարկեց, որ դա անհարմարություններ է ստեղծում Հայաստանի համար, որովհետև մի կողմից ունենք անվտանգային ու ռազմավարական նշանակության բավականին կարևոր հարաբերություններ Իրանի հետ, մյուս կողմից էլ ունենք հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Վարչապետի ակնարկը տեղին էր, որ խնդիրը որոշակի բարդություններ է ստեղծում Հայաստանի համար»,- նշեց Տոնոյանը:

Ըստ նրա՝ նույնիսկ Ջոն Բոլտոնի պաշտոնաթողությունը չի կարող իրավիճակը փոփոխել, որովհետև անձերի փոփոխությունը դեռ չի բերելու իրավիճակի փոփոխության, հատկապես եթե հաշվի առնենք իրանական կողմի հայտարարությունները: Իրանը զիջումների չի գնա։ Այնտեղ գիտակցում են, որ շուտով ԱՄՆ-ում կմեկնարկի նախընտրական շրջանը, ինչը Թրամփին կստիպի որոշ հարցերում վերանայել դիրքորոշումն Իրանի նկատմամբ:

Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

Արտյոմ Տոնոյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի անել այն, ինչ արել է տարիներ շարունակ՝ ցույց տալով, որ իր համար Իրանի հետ հարաբերությունները անվտանգային չափազանց կարևոր նշանակություն ունեն, և չպետք է գնա որևէ զիջման այս մակարդակում, ուստի երրորդ երկրների հետ հարաբերվելը չպետք է վտանգի Հայաստան-Իրան օրակարգը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հայտարարել էր, որ մեր հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում:

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ: Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին»,– նշել էր Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինի բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու։