ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանում ԱՊՀ երկրների մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին և գրավել 2-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
«Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է 100-ից 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ–ի շնագիտական կենտրոնը 2013 թվականից ի վեր ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև անցկացվող ամենամյա մրցույթներում չէր զբաղեցրել բարձր հորիզոնականներ։ Այս մասնագիտական թիմը խոստանում է՝ մրցանակային բարձր ցուցանիշները դեռ առջևում են: