Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

Սեզոնի իսկական հիթը կդառնան երկաթյա դետալներով բանակային կոշիկները, դրան զուգահեռ` բարձրակրունկները վերջապես դուրս կգան պահարանից... Հայ նորաձևության բլոգերը պատմել է աշնան և ձմռան հիմնական միտումների մասին։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.

Աշնան առաջին ամիսը մոտենում է ավարտին: Նույնիսկ արևոտ Հայաստանում օրերը ցրտում են, և հիմա ժամանակն է մտածելու զգեստապահարանը տաք ու նորաձև իրերով համալրելու մասին։

Նորաձևության տներն այս սեզոնին շատ տարբեր կերպարներ են առաջարկել կանանց, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց նորաձևության բլոգեր, «Հայկական ապրանքանիշեր» նախագծի և Mashroom բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

Դրանցից մեկը կանացի կերպարն է, որը, Մարիաննայի խոսքով, հիշեցնում է մանկության տիկնիկները` ծալքավոր զգեստներով։ Երկրորդ կերպարն ավելի ուրբանիստական է։ Այն համապատասխանում է վերջին միտումներին և ինչ–որ առումով հիշեցնում է 90–ականների էսթետիկան։

«Առաջարկված կերպարներին համապատասխան, կտրուկ տարբերվում է նաև 2019-2020 աշուն–ձմեռ սեզոնի գունային գամման։ Մի կողմից` նորաձև կլինեն նեոնային երանգները` ավելի բնորոշ ամռանը, այլ ոչ թե աշնանը»,–ասում է բլոգերը։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

Նրա խոսքով` մյուս ծայրահեղությունը միատոնությունն է, երբ ամբողջ կերպարը կազմված է նույն գույնից։

«Դա կարող է լինել մարմնագույնը, կանաչաշագանակագույնը, զինվորական կանաչը, բայց հատկապես տարածված կլինի սպիտակը, քանի որ հիմա շատ նորաձև են սպիտակ կոշիկները։ Բացի դրանից, արդիական կլինեն բաց երանգները։ Դրանք կարելի է օգտագործել կանացի կերպարներ ստեղծելու համար` հատկապես 19-րդ դարի վերջի ու 20–րդ դարի սկզբի ոճով»,–հավելեց Քաբաբյանը։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

Ինչ վերաբերում է դրոշմանախշերին, ապա պայուսակների, գոտիների և կոշիկների վրա հատկապես նորաձև կլինեն լոգոտիպերի պատկերները։ Շատ ապրանքանիշեր նույնիսկ փոխել են իրենց լոգոները` դրանք ավելի մեծացնելով, բայց հավատարիմ մնալով մինիմալիզմի սկզբունքին։

2019 թվականի հիմնական նորաձև միտումներն ու գույները. մասնագետի խորհուրդները

Կանանց զգեստապահարանում իր արդիականությունը չի կորցնում նաև տղամարդու կոստյումը։ Բլոգերի կարծիքով` գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հավանում են այն մի քանի պատճառներով։ Առաջին հերթին, այն շահավետ ընդգծում է կազմվածքը, երկրորդ` դա զգեստապահարանի շատ հարմար հիմնական բաղադրիչ է. ուրբաթ երեկոյան այն կարելի է համադրել վերնաշապիկի և սպորտային կոշիկների հետ, իսկ գործնական հանդիպման համար հիանալի կնայվի սպիտակ վերնաշապիկի և բարձրակրունկ կոշիկների հետ։

«Իհարկե, կանանց մոտ տղամարդու կոստյումի տարածված լինելը պայմանավորված է նաև սոցիալական գործոններով։ Հասարակությունում փոխվել է թույլ սեռի ներկայացուցիչների դերը, և հենց այդ պատճառով կանանց հագուստի մեջ գործնական ոճը շատ ընդունված է», – ասում է Մարիաննան։

Ինչ վերաբերում է կոշիկին, ապա, ինչպես նշում է մեր զրուցակիցը, բարձրակրունկ կոշիկներն աստիճանաբար վերադարձնում են իրենց դիրքերը, որոնց երկար ժամանակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել (կրկին կապված հասարակությունում կնոջ դերի փոփոխության հետ)։ Քանի որ կանացի կերպարը սեզոնի գլխավոր միտումներից է, բարձրակրունկները «բարձունքում» են։ Ըստ էության, սուր քթերով ու ոչ բարձր կրունկներով կոշիկները երբեք էլ չեն կորցրել արդիականությունը։ Հիմա էլ այն հիանալի կնայվի։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

Եվս մեկ նորաձև միտում են տարբեր դետալներով բանակային կոշիկները, որոնք արդեն երկար ժամանակ չեն զիջում դիրքերը։ Մարիաննայի կարծիքով` դա 2019-2020 աշուն–ձմեռ սեզոնի ամենանորաձև կոշիկն է։

Նա նշում է, որ ոչ բոլոր նորաձև իրերը և միտումներն են կիրառելի հայկական իրականությունում։

«Ամբողջ աշխարհում շատ տարածված է տրենչը, սակայն Հայաստանում սեզոնների միջև ընկած ժամանակահատվածը կարճ է տևում, ուստի զգեստապահարանի այդ տարրն ուղղակի կորցնում է մեզ համար իր արդիականությունը։ Կամ էլ` այն պետք է պատվիրել տեղի դիզայներների մոտ` շատ բարակ, թափանցիկ կտորից։ Նույնը վերաբերում է հագուստի բազմաշերտությանը, ինչպես նաև համատարած սպիտակին։ Ցավոք, Երևանը շատ փոշոտ քաղաք է և ամեն տեղ չէ, որ կարող ես քեզ լավ զգալ սպիտակով»,–ասում է բլոգերը։

Ցուրտ ձմռանը կարելի է նախապատվություն տալ օվերսայզ ոճի (լայն) բաճկոներին։ Ի դեպ, անցած տարի դրանք լավ գովազդել են հոլիվուդյան աստղերը։

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

Դե, իհարկե, ցրտից փրկում է նաև մուշտակը։ Եթե ինչ–որ մեկը խուսափում է բնական մորթուց` ելնելով էթիկական պատկերացումներից, ապա կարելի է արհեստական մուշտակ, առավել ևս, որ տարբեր գույների մուշտակները շատ նորաձև են այս սեզոնում։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև