Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը կալանավորելու են իրեն. «Հրապարակ»

Ըստ թերթի` իր առանձնատանը հայտնաբերված Հայկ Հարությունյանն իմացել է, որ դեպքի հաջորդ օրն իրեն մեղադրանք են առաջադրելու ու իր դատավարական կարգավիճակը փոխվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իմացել է, որ սեպտեմբերի 24-ին պետք է կալանավորվեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Հարությունյանը սեպտեմբերի 24–ին պետք է հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Սա Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու»,– գրում է թերթը։

«Հրապարակի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր, գուցե րոպեներ առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրն իր դատավարական կարգավիճակը փոխվելու է։ Նա իմացել է նաև, որ իրեն մեղադրանք են առաջադրելու և, հավանաբար, կալանավորելու։ Այս լուրը, ըստ թերթի, Հարությունյանին է փոխանցել ոստիկանությանը մոտ կանգնած անձը։

«Հայկը խնդիր չուներ, նա սիրում էր ապրել». Կոմանդոսը` նախկին ոստիկանապետի մասին

«Հրապարակը» գրում է նաև, որ հենց կալանավորման մասին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության։

Հիշեցնենք` օգոստոսի 23-ին, ժամը 23։50-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրն ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ: Ըստ շրջանառվող լուրերի` տանը եղած անձն է լսել կրակոցի ձայնը, ապա հյուրասենյակում գտել Հարությունյանի դին:

Հակոբյան. «Հայկ Հարությունյանի մահվան դեպքին քաղաքական ենթատեքստ տալու գաղթակղություն կա»

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին հարցաքննվել էր մահվան օրը նրա հետ գտնվող անձը, որն ասել էր` իր և Հարությունյանի խոսակցության բովանդակությունը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրգործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն:

Մարտի 1-ի գործում ներգրավված է շուրջ 800 վկա։ Նրանց շարքում նշվում էր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը։

Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան:

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին