ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2019 թվականի տարեկան ցուցանիշները՝ օգոստոսի արդյունքներով:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,–եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետը հաճախ է Facebook–ի իր էջում տվյալներ ներկայացնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ` հավատացնելով, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ է վերադարձել ԱՄՆից, որ մեկնել էր սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: