«Հայփոստը» չի մասնավորեցվի. կառավարությունում նշեցին պատճառը

Փոստային ծառայությունը շատ կարևոր է հեռավոր գյուղերում պետական ծառայությունների մատուցման համար, այդ իսկ պատճառով` այն, ինչպես էլեկտրաէներգիայի արտաքին առևտրի օպերատորը, չի սեփականաշնորհվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik.  ՀՀ կառավարությունը հրաժարվել է Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստի» սեփականաշնորհումից։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։

«Հայփոստ» ազգային օպերատորը շատ կարևոր է նախևառաջ հանրապետության գյուղերի համար, որտեղ նա հաճախ հանդես է գալիս որպես պետական ծառայությունների միակ մատակարար, ավելացրեց Բաբայանը։

«Չէ՞ որ փոստի ազգային օպերատորը զբաղվում է ոչ միայն թղթային փոստով և ծանրոցներով։ Փոստում, օրինակ, կենսաթոշակներն են տալիս։ Իսկ ապագայում մենք մտադիր ենք ընդլայնել նաև փոստի միջոցով տրամադրվելիք պետական ծառայությունների ցանկը։  Այսպիսով, փոստային բաժինները կդառնան պետական ծառայությունների կենտրոններից մեկը», – նկատեց Բաբայանը։

Այդպիսով` փոստային ծառայության աշխատանքը, նույնիսկ կորուստներով աշխատելու դեպքում, պետք է ապահովվի պետության կողմից, կարծում են Կոմիտեում։

«Հայփոստ 0054» հպարտ անունով կրպակը

Մասնավորեցման ծրագրից հանվել է նաև «Էներգոիմպեքս» ընկերությունը։ Իրավական դաշտում առկա փոփոխությունների համաձայն, պետական այս ընկերությունը կմնա միակ սուբյեկտը, որն իրավունք ունի  էլեկտրաէներգիա  արտահանել և ներմուծել։ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերը», նախկինի նման, ապահովելու են հարևանների հետ Հայաստանի էներգահամակարգի տեխնիկական կապը, սակայն հարցի կոմերցիոն մասով (այսինքն` պայմանագրեր Վրաստանի և Իրանի հետ) արդեն չեն զբաղվի։

Այս պայմաններում թրեյդեր ընկերությունը էլեկտրաէներգիայի արտաքին առևտրով զբաղվելու համար պետք է մնա պետության վերահսկողության տակ նույնիսկ այն դեպքում, երբ դա ձեռնտու չէ կոմերցիոն առումով, սակայն անհրաժեշտ է պետության շահերից ելնելով։

Հիշեցնենք, որ և՛ ազգային փոստը, և՛ «Էներգոիմպեքսը» մասնավորեցնել առաջարկում էր երկրի նախկին իշխանությունը։