Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երախտապարտ է հայերին. Լաքոտը գրառում է արել

Լաքոտը հիշեցրել է, որ նախագահ Շիրակի օրոք ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Շնորհակալ եմ այն հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի»,–գրել է դեսպանը:

Հիշեք, որ դուք մենակ չեք. նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին

Լաքոտը հիշեցրել է, որ նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին, ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի` «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»` դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

«Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ պատմում են հայերի ընդունելությունից հուզված նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողությունները»,–գրել է Լաքոտն ու հիշեցրել, որ հենց նախագահ Շիրակի նախաձեռնությամբ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:

Նրա խոսքով` հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ:

Տեղեկացվում է, որ ուրբաթ, սեպտեմբերի 27-ին և երկուշաբթի, սեպտեմբերի 30 -ին, ժամը 15 :00-ից 17 :00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 26–ին, Ֆրանսիայում կյանքի 86–րդ տարում վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Նա այդ երկիրը ղեկավարել է 12 տարի` 1995-2007 թվականները։