ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության մասին դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի` սեպտեմբերի 30–ին։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր քննարկվում էր Խաչատրյանին կալանքից ազատելու մասին նրա պաշտպանների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման։
Մինչ այդ, սակայն, փաստաբանն Առաջին ատյանին դատարանի դատավորին մեղադրեց կալանքի չհիմնավորված որոշում կայացնելու մեջ։
Փաստաբանի համոզմամբ` ընդհանուր իրավասության դատարանը չէր կարող գնահատել իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը, քանի որ դատարանն իր տրամադրության տակ չի ունեցել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ։
«Դատարանն ընդհանրապես չուներ փաստական տվյալ, նյութ, որի հիման վրա կարողանար հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել, այսինքն` պատկերացնել հանցակազմ կա, թե ոչ»,– ասաց Սարգսյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան
Այդուհանդերձ, չհերքեց, որ քննության ընթացքում պետությանը որոշակի գումար է վերադարձվել։ Բայց թե ով է եղել փոխհատուցողն ու ինչ չափի գումարի մասին է խոսքը, Երեմ Սարգսյանը հրաժարվեց հայտնել։
«Ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ։ Ես ասում եմ` չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն` իմ կողմից ուսումնասիրված, որում կլինի նման փաստական հանգամանք»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։
Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներից բացի խուզարկություններ էին կատարվել նաև նրա հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանի առանձնատանը։
Կարեն Խաչատրյանը ևս Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին պաշտոնավարել է ՊԵԿ–ում։
ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել
Խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Ավելի ուշ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր։
Նախաքննությունը հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է։