Աննայի և Լուսինեի եռապատկված ուրախությունը. Մարգարյան հիվանդանոցում 2 կին եռյակ են ունեցել

40–ամյա Աննան ու 26-ամյա Լուսինեն ցանկացել են երրորդ երեխան ունենալ, բայց պարզվել է` երկուսն էլ եռյակի են սպասում։
Sputnik

Երկու եռյակ` նույն հիվանդանոցում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 26–ամյա Լուսինե Շառոյանը և 40–ամյա Աննա Ֆրանգուլյանը օրերս եռյակ են ունեցել։ Լուսինեն 2 աղջիկ և 1 տղա է լույս աշխարհ բերել, Աննան` 3 տղա. երկու եռյակների դեպքում էլ երեխաները բնական ճանապարհով են բեղմնավորվել։

«Բեյբի բում» Գյումրիում. նորածինները մայրիկների հետ «շքերթի» էին դուրս եկել. տեսանյութ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Աննա Ֆրանգուլյանը նշեց, որ երկու տղա ունի` 2 և 4 տարեկան, ու հղիության ժամանակ, երբ իմացել է, որ եռյակ է ունենալու, երազել է, որ մեկը գոնե աղջիկ լինի։ «Աստծո գործերին խառնվել չես կարող ու հիմա երջանիկ եմ, որ 5 տղա ունեմ։ Շատ հեռու ապագայի մասին չեմ մտածում` բանակ, կրթություն, քանի որ վստահ եմ` ամեն ինչ իր հունով է գնալու։ Գիտեմ, հեշտ չի լինելու, բայց ուրախությունս, երջանիկ պահերն էլ եռապատկված է հիմա»,– ասաց նա։

Մյուս եռյակի մայրը` Լուսինեն, որն արդեն իսկ 4 և 6 տարեկան աղջիկներ ունի, խոստովանում է` երբեք չի պատկերացրել, որ 26 տարեկանում արդեն 5 երեխա կունենա։ Լուսինեն ասում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում` քանի երեխա պետք է ունենալ, բայց վստահեցնում է` բազմազավակ մայր լինելն ուրիշ հաճույք է։

«Երկու երեխաներիս փորձից արդեն գիտեմ` առաջին երկու տարին է դժվար լինելու։ Դրանից հետո ամենահաճելի պահերն են, երբ երեխայիդ ամեն ասածի և արածի համար սկսում ես քեզ երջանիկ զգալ»,–ասաց Լուսինեն։

Լուսինեի երեխաները ծնվել են 1450, 1650 և 1750 գրամ քաշով, իսկ Աննայինը` 1450, 1600 և 1650 գրամ։

Ի դեպ, Լուսինեի բժիշկն Արմեն Բադալյանն է, իսկ Աննայինը` Արմեն Գասպարյանը։ Բժիշկները հայտնեցին, որ կանայք երեխաների հետ մոտ օրերս դուրս կգրվեն։

Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։