Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

Տվիչները թույլ են տալիս մեկ հազարերորդական միլիմետրի ճշտությամբ արձանագրել գոլորշու գեներատորների տատանումները, որտեղից գոլորշին պտտում է տուրբինները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ատոմակայանների անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրվել են Ուզբեկստանում և Բանգլադեշում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։

Նրա խոսքով` ինստիտուտը ստեղծել է տվիչներ, որոնք արձանագրում են շոգեգեներատորների ամենաչնչին տատանումները։

Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար

Ռեակտորային գոտում տաքացած ջուրն այստեղ գոլորշու է վերածվում, որը գնում է տուրբիններ։ Գեներատորները աշխատանքի ընթացքում տատանվում են, իսկ դրանց տատանումները հանդարտեցվում են ամորտիզատորներով։ Այդ տատանումները պետք է հստակ հաշվարկել և հետևել, թե արդյո՞ք այն ամբողջ համակարգի վրա չի ազդում։ Օրինակ` չե՞ն պոկվում արդյոք դրանից գոլորշու կամ յուղի խողովակների զոդակարերը։ Այդ պատճառով և՛ գեներատորի, և՛ ամորտիզատորի տատանումներն արձանագրվում են մեկ հազարերորդական միլիմետրի ճշտությամբ, ինչը թույլ է տալիս բարձր մակարդակով ապահովել կայանի անվտանգությունը։

«Մենք նախագծել և ստեղծել ենք նման 74 տվիչ Մեծամորի ԱԷԿ–ի համար։ Դրա շնորհիվ, օրինակ, ժամանակին նկատել ենք շոգեգեներատորներից մեկում տեղի ունեցած վթարը, որտեղ մեքենայի յուղի արտահոսք է եղել», – ավելացրեց Պետրոսյանը։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

Անվտանգության տվիչներով արդեն հետաքրքրվել են Հայաստանից դուրս`Բանգլադեշում և Ուզբեկստանում, որտեղ «Ռոսատոմը» նոր ԱԷԿ–ներ է կառուցում։ Գնային առաջարկները տարածվում են նաև ատոմակայանին սարքավորումներ մատակարարող ամերիկյան ընկերությունների վրա։

Այդ տվիչների համակարգը համալրում է կայանի Ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության ընդհանուր համակարգը (СИАЗ)։ «Հայատոմը» նման համակարգեր է մշակում և արտադրում 80-ականների կեսերից։ Դրանք տեղադրված են նախկին ԽՍՀՄ երկրների և Արևելյան Եվրոպայի ավելի քան 10 ատոմակայաններում։

Հայկական կողմից պահանջվում են վճռական քայլեր. ե՞րբ Հայաստանում կհայտնվի նոր ԱԷԿ

Այս համակարգը թույլ է տալիս ոչ միայն ֆիքսել ստորգետնյա ցնցումները, այլև վերլուծել դրանց ազդեցությունը ռեակտորների, գեներատորների և այլ սարքավորումների վրա։

Խորհրդային տարիներին և 90-ականներին СИАЗ համակարգերն արտադրվում էին անալոգային սարքավորումների հիման վրա։ Իսկ վերջերս հայկական ԱԷԿ–ում տեղադրվել են նոր, արդեն թվային տվիչներ։

«Նոր սերնդի СИАЗ–ներ մենք նույնպես մտադիր ենք առաջարկել արտասահմանյան գործընկերներին», – հայտարարեց Պետրոսյանը։

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

СИАЗ համակարգերը հաստատում են անցել նաև Ռուսաստանում (Ռուսաստանի Դաշնության Տեխնիկական կարգավորման և չափաբանության դաշնային գործակալությունում)։ Այդ պատճառով «Հայատոմը» կարող է մասնակցել ռուսական կայաններ այդ սարքավորման մատակարարման ցանկացած մրցույթին։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

«Հայատոմ» ինստիտուտը ստեղծվել է խորհրդային տարիներին, Մեծամորի ԱԷԿ–ի կառուցումից հետո։ Ինստիտուտն իրականացնում է ԱԷԿ–ի տեխնիկական վիճակի ուսումնասիրում և նոր սարքավորումներ արտադրում նրա անվտանգության համար։ Մասնավորապես, 1989 թվականին ինստիտուտը ստեղծել էր ատոմակայանների անձնակազմի համար ԽՍՀՄ–ում առաջին վարժասարքը, որը տեղադրվել էր Նովովորոնեժսկի ԱԷԿ–ում։