ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները։ Այս մասին փաստաբանական խումբը հայտարարել է իր Facebook-յան էջում։
«Նշենք, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը»,–ասվում է Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ։
Հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը՝ վերացնելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը, և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը` նշելով, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների։
«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել
Այս որոշումը հիմք ընդունելով ՝ Քոչարյանի փաստաբաններն Ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էին անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
Դատարանը, սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին հրապարակված որոշմամբ մերժել էր պաշտպանների միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: