Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը վաստակեց փոքր բրոնզե մեդալ

Մեր մարզիկը Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում երրորդն է պոկում վարժությունում։ Բայց աշխարհի առաջնությունում մեդալակիր, առավել ևս չեմպիոն դառնալու համար ավելի բարձր կիլոգրամներ էին հարկավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 102 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում Եվրոպայի առաջնության համեմատ 10 կիլոգրամով բարելավեց իր արդյունքը, բայց վաստակեց փոքր բրոնզե մեդալ:

Բոլոր նախադրյալները կան, որպեսզի հայ ծանրորդը պատվո պատվանդանին կանգնի նաև հրում վարժությունում, և հետևաբար, երկամարտում:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է

Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանի նախնական պատվերը պոկում վարժությունում 170 կգ էր: Բայց, տակտիկական պայքարի մեջ մտնելով, մեր մարզիչները վերահայտավորեցին առաջին մոտեցման քաշն ու Գասպարյանը մոտեցավ 171 կգ կշռող ծանրաձողին: Հայ ծանրորդը իդեալական կատարեց առաջին մոտեցումը: Այն գերազանցեց Եվրոպայի առաջնությունում ցույց տված իր արդյունքը, որը հավասար էր 168 կգ-ի:

Բայց աշխարհի առաջնությունում մեդալակիր, առավել ևս չեմպիոն դառնալու համար ավելի բարձր կիլոգրամներ էին հարկավոր: Երկրորդ մոտեցումով Գասպարյանը գլխավերևում պահեց 175 կգ-ը, իսկ երրորդ մոտեցման համար պատվիրեց 178 կգ, ինչը երաշխավորում էր փոքր մեդալ: Եվ հայ ծանրորդը գերազանց կատարեց նաև երրորդ մոտեցումն ու տասը կիլոգրամով բարելավեց Եվրոպայի առաջնությունում պոկում վարժության իր արդյունքը:

Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Թաիլանդում մեկնարկած Ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։