Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը միլիոնների վնաս է պատճառել պետությանը. տեսանյութ

Ճամբարակ ու Շողակաթ համայնքների ղեկավարները, «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, թույլատրել են, որ Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը զբաղվի ավազի և հողի արդյունահանման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես և շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի տարածքում կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն»։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանությունում փոփոխություններ կլինեն. Օսիպյանին փոխարինողը շեշտը կդնի գրագիտության վրա

«Մասնավորապես, արդյունահանել է լիցենզավորման ենթակա 1200 խորանարդ մետր ավազ և 1000 խորանարդ մետր հող, որոնք ընդհանուր շուրջ 6․200․000 դրամով իրացրել է։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է 7․550․000 դրամի վնաս»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ճամբարակ ու Շողակաթ համայնքների ղեկավարները, ինչպես և «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ թույլատրելով, որ Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը զբաղվի ավազի և հողի արդյունահանման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։

Արցախում բռնել են իր որդուն սպանելու համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացուն. տեսանյութ

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ 2017թ-ի նոյեմբերին Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել Վազգեն Ադամյանը։