«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են

Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:

Այս մասին տեղեկացնում են Արցախ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք

Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում այսօր առավոտյան գրել էր. «Բոլորի խաղաղ գիշերը կիսեցինք զորավարժություններով»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ երեկ` սեպտեմբերի 23–ին, հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում լայնածավալ ռազմավարական զորավարժություն է անցկացվելու։Այն կմեկնարկի սեպտեմբերի 24-ին և կկրի «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» անվանումը։ Լայնածավալ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: