Երբ թամադայի ձայնն աղոթքից բարձր է լսվում... հոգևորի և աշխարհիկի անհամատեղելի «միությունը»

Պսակադրության արարողությունների անցկացման համար ամենասիրելի վայրերից մեկն այսօր Սաղմոսավանքն է։ Շատերին է գերում գեղատեսիլ կիրճի պռնկին հառած միջնադարյան վանքում կյանքի ամենակարևոր օրհնությունը ստանալու միտքը։
Sputnik

Սաղմոսավանքում  հերթական հարսանեկան արարողությունն է։ Դեռ գյուղ չհասած՝ շարասյունը կանգ է առնում։ Արդեն լուրը հասել է, որ վանքի մոտ հարսանեկան խցանում է՝ միանգամից երեք հարսանիք կա։ Թեպետ մեր արարողության ժամը մոտենում է, բայց ստիպված մի 15 րոպե ճամփեզրին սպասում ենք, որպեսզի գոնե պսակադրության արարողություններից մեկի հյուրերն իրենց մեքենաներով դուրս գան, որ գյուղ մտնել լինի։ 15 րոպե անց շարունակում ենք ճանապարհն ու մտնում Սաղմոսավան գյուղ․մեքենաների այսպիսի անանցանելիություն, ասենք` երեկոյան ժամը 6-ին Երևանի կենտրոնի նեղլիկ փողոցներում է։

Վանքի անվտանգությունը հսկող քահանան. տեր Հովհաննեսը փորձում է փրկել Դադիվանքը փլուզումից

Վանք չհասած՝ դուրս ենք գալիս մեքենայից ու որոշում ոտքով շարունակել ճանապարհը, ավելի ճիշտ՝ մի կերպ սողոսկել մեքենաների միջև թողնված նեղ տարածություններով։ Մեր փեսան մեքենայից դուրս է եկել և, իրավիճակից հուսահատ, կայանատեղիի աշխատողի գործ է անում՝ «մի քիչ աջ քաշիր, հետ տուր...»։ Դե մենք մի կերպ մեքենաների միջով անցնում ենք, բայց հարսիկն իր սպիտակ զգեստով հաստատ առանց մեքենաների ու փողոցների փոշին սրբելու անցնել չի կարողանա։ Հարսից ու փեսայից առաջ ընկած՝ վանք ենք հասնում, պսակադրության մի արարողությունը հենց նոր է վերջացել, հարսն ու փեսան դուրս են գալիս եկեղեցուց, հյուրերն իրենց մեքենաներով հեռանալ դեռ չեն շտապում, որովհետև վանքի հարևանությամբ խոտածածկ տարածքում դեռ ֆուրշետի պիտի մասնակցեն։

Այդ ընթացքում արդեն մյուս պսակադրությունն է սկսվում՝ հյուրերն ու արարողությունների զարդարանքներն իրար են խառնվել, դժվար է հասկանալ, թե ով ում բարեկամն է։ Քավորկինը շոկոլադ է բաժանում եկեղեցու բակում հավաքվածներին, դատարկ «բոնբոներկայի» տուփը նետում եկեղեցու դիմաց ու իր երկար զգեստը քարերին քսելով հեռանում...Վերջապես մի 40 րոպե անց սկսվում է մեր հարսի ու փեսայի պսակադրության արարողությունը։

Փրկարար երիտասարդներին իրենց օրիգինալ հարսանիքի օրն աշխատանքի են ընդունել ԱԻՆ–ում

 

Եթե Սաղմոսավանքում եղել եք, ուրեմն գիտեք՝ թեպետ կառույցը մեծ է, բայց եկեղեցին, որտեղ արարողությունն է անցկացվում, փոքր է` մի 50 հոգի հազիվ է տեղավորում։ Բնականաբար, հյուրերը 3 անգամ ավելի շատ են։ Աստծո տանը բոլորի համար տեղ կա․․․ Գեղեցիկ արարողությունը սկսվում է, աչքերս փակում եմ, պսակադրող քահանայի հետ մրմնջում եմ․«Հայր մեր, որ յերկինս ես․․․»՝ ուժեղ լույս, չխկոցի ձայն, «Սուրբ եղիցի անուն Քո․․․»՝ լույս, չխկոց․․․ «Եկեսցէ արքայութիւն Քո»․․․լույս, չխկոց․․․ Աչքերս բացում եմ, «բարձրաձայն» ֆոտոսեսիայի պայմաններում աղոթել չի ստացվում։

«Ջանդամ, դուք էլ բախտավոր լինեք». Women's Club-ի Գրիգն ու Սոնա Եսայանն ամուսնացել են

Արարողությունը վերջանում է, իմ շատ սիրելի, հարազատ մարդիկ արդեն պսակադրված են՝ այր ու կին են։ Քայլում ենք վանքից մի քանի քայլ այն կողմ, որտեղ մեզ էլ մեր ֆուրշետն է սպասում։ Հնչում է հաճելի երաժշտություն, մեկ էլ՝ «Ողջույն, սիրելի հյուրեր»․․․ Բարձրախոսն իր ձեռքն է առնում թամադան։ Աջ կողմում վանքն է, ձախում՝ բարձրախոսը ձեռքում բռնած թամադան։ Առաջին րոպեներին չեմ կարողանում հասկանալ, թե ինչն այնպես չէ՝ ամեն բան գեղեցիկ է, ես ուրախ ու երջանիկ եմ հարսի ու փեսայի համար։ Բայց ի՞նչն այնպես չէ... Մեկ էլ հասկանում եմ, որ ներսումս հակասություն կա. հյուրի և ուխտավորի, արարողությանը մասնակցողի և աղոթողի հակասությունն է։ Քայլում եմ դեպի եկեղեցի․տասնյակ զբոսաշրջիկներ են պտտվում, լուսանկարում են 13-րդ դարի շքեղ կառույցը թամադայի կենացների ներքո։ Փորձում եմ աղոթել, չի ստացվում, որովհետև բարձրախոսով թամադայի ձայնը մտքերիցս բարձր է լսվում։ Քանի որ հաջորդ օրն աշխատանքի եմ, ներողություն եմ խնդրում խնջույքից շուտ գնալու համար։ Գյուղացիներից մեկին խնդրում ենք իր մեքենայով մեզ Երևան տանել։ Ճանապարհին զրույցի ենք բռնվում սաղմոսավանցու հետ։

Արագածոտնում հարսանեկան շարասյան մեքենան մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ

Ասում է, որ շատ ուրախ են իրենց գյուղում այս շարժի համար, շատ զբոսաշրջիկներ են գալիս, հյուրեր (պատմում է, որ հաճախ օրական մի 2 անգամ ուղղաթիռով են պսակադրության հյուրերին բերում), բայց իրենց կյանքն է դրանից դժվարացել։ Ստիպված առավոտյան ժամը 8-ից ով մեքենա ունի, տնից դուրս է գալիս, գործի գնում, որովհետև մայրաքաղաքի փողոցների խցանումը ոչինչ է սրա համեմատությամբ։ Հյուրերը մեքենաները կայանում են ու գնում իրենց արարողությանը մասնակցելու, դե արի ու գտիր, թե քեզ խանգարող մեքենայի տերն ով է, ուր է։ Բողոքում են, որ տուն կառուցելը գլխացավանք է դառնում՝ շինանյութ տեղափոխող բեռնատարը չի կարողանում գյուղ մտնել, գյուղ էլ մտավ՝ տանը չի հասնում։ Հետո էլ ավելացնում է, որ գյուղում մի «օբյեկտ էլ» ինքն է հորեղբոր հետ կառուցում․․․

Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը հարսանիքին. տեսանյութ

Այս պատմությունը գրելու նպատակն այն չէ, որ Սաղմոսավանքում պսակադրության արարողությունները նվազեն։ Հասկանում եմ բոլոր այն զույգերին, ովքեր իրենց կյանքի ամենակարևոր օրհնությունն ուզում են այս աստվածային գեղեցկությամբ վայրում ստանալ։ Բայց․․․ Արդյո՞ք նկարագրված կենցաղն ու «մոդան» նույն այդ օրհնությունը, Աստծո առաջ «տեր» ու «հնազանդ» լինելու տված խոստումը ձեր կամքից անկախ մի քիչ ձևական չեն դարձնում... Մտածե՞լ եք... Երջանիկ լինեք...