Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

Նոր Հայաստանի նոր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ է ազդարարում։ Ռազմավարությունը պատրաստ է, հոկտեմբերին էլ կստեղծվի հանձնաժողովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան.Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիայի կանխարգելման մարմին չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը` անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` հոկտեմբերին Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կձևավորվի։

Նոր հանձնաժողովը հիմնականում զբաղվելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի վերլուծությամբ։ Նշենք, որ մինչ իշխանափոխությունն այդ իրավասությամբ զբաղվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Իսկ հակակոռուպցիոն առաջին հանձնաժողովը մեր երկրում ստեղծվել էր 2001թ–ին, երբ Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով խոսվեց կոռուպցիայի մասին ու պաշտոնական փաստաթղթերում հայտնվեց «կոռուպցիա» եզրույթը։ 18 տարվա պայքարից հետո ՀՀ նոր իշխանությունը, փաստորեն, ստեղծում է այդ նպատակին ծառայող հերթական կառույցը։

«Խնդիրն այն է, որ մենք կոռուպցիայի կանխարգելման մարմին չենք ունեցել։ Մենք ունեցել ենք հիմնականում իրավապահ մարմիններ, որոնք ունեցել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթ, այսինքն` կոռուպցիոն հանցագործությունների քննություն են իրականացրել, և ունեցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը նաև հայտարարագրերի վերլուծությամբ էր զբաղվում»,– ասաց Ատովմյանը։

Նրա խոսքով` նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հոկտեմբերին կձևավորվի. ինչ խնդիր կլուծի այն

Թե ովքեր կընդգրկվեն նոր կառույցում ու ով կղեկավարի այն, առայժմ հայտնի չէ։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը պետք է անկախ լինի իշխանական բոլոր կառույցներից։ Բայց Ատովմյանի դիտարկմամբ` միայն դրա աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի եզրակացնել, թե որքանով է այն իսկապես անկախ ու պրոֆեսիոնալ։

Նշենք, որ մինչ այս որպես անկախ հակակոռուպցիոն մարմին 2012թ–ից Հայաստանում գործում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը ևս կոչված էր հավաքագրելու, հանրայնացնելու ու վերլուծելու պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը, իսկ էթիկական խախտումների դեպքում նաև վարույթներ հարուցելու նրանց նկատմամբ։

Հայաստանում հակակոռուպցիոն առաջին մարմինը 18 տարի առաջ ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների հատուկ խմբին` GRECO-ին անդամակցելու շրջանակում։ Կառավարությանը կից հանձնաժողովն այդ տարիներին կոչված էր համակարգելու հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները։

Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին

Գործառույթների որոշակի փոփոխություններով, տվյալ պահի գործադիր իշխանության անդամների մասնակցությամբ ու վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն ռազմավարության խորհուրդը կառավարությունում այսօր էլ գործում է, բայց արդեն «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ» նոր անվանումով։

Հակակոռուպցիոն տարբեր կառույցներին զուգահեռ կոռուպցիայի դեմ պայքարի անցած 18 տարիների ընթացքում Հայաստանում նաև 4 ռազմավարական փաստաթղթեր են մշակվել (2003-2007թթ, 2009-2012թթ, 2015-2018թթ., 2019-2022թթ.)։

Մարատ Ատովմյանը դժվարացավ հստակ գնահատական տալ, թե այդ փաստաթղթերում արձանագրված քայլերից որոնք են կատարվել և ինչ մակարդակով։

«Դժվար է գնահատական տալ, թե որքանով են դրանք իրականացվել և, եթե ամբողջությամբ չեն իրականացվել, ապա որ մասով չեն իրականացվել, ինչու և այլն։ Դա հատուկ ուսումնասիրություն, մոնիթորինգ ու վերլուծություն է պահանջում։ Բայց օրինակի համար ասեմ, որ վերջին` 2015-18թթ ծրագիրը 4 ոլորտների վրա էր կենտրոնացած` առողջապահություն, կրթություն, հարկերի հավաքագրում և ոստիկանության գործունեությունը` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով։ Այս 4 ոլորտների հետ կապված 4 ռազմավարական առանձին ծրագրեր մշակվեցին կառավարության կողմից։ Իմ գնահատմամբ` այս 4 ծրագրերի ամենևին էլ ոչ բոլոր կետերն են իրականացվել»,– ասաց նա։

Կոնկրետ, հստակ և չափելի. փորձագետը համակարգել է առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

Ինչ վերաբերում է նոր ռազմավարությանը, դրա ճակատագիրը ևս, փորձագետի համոզմամբ, մեծապես կախված է ՀՀ նոր իշխանության կամքից։

«Թե որքանով է իրականացվել այս կամ այն հակակոռուպցիոն ծրագիրը մեզանում, բաց հարց է։ Եվ հուսով եմ, որ կստեղծվի ավելի արդյունավետ մեխանիզմ, որպեսզի, երբ ավարտվի 4-րդ ռազմավարության իրականացումը, մենք հստակ պատկեր ունենանք»,– ասաց փորձագետը։

Այդուհանդերձ, որքան էլ ռազմավարությունն անթերի լինի, միայն դրանով կոռուպցիան Հայաստանում չի հաղթահարվի։ Դրան զուգահեռ Մարատ Ատովմյանը կարևորում է նաև այլ որոտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։

Մինչ Հայաստանում փորձում են գնահատել նախկինում արվածն ու չարվածը և նոր ուղենիշներ դնել, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) արդեն հաշվել է. Հայաստանին տրված 24 հանձնարարականից կատարվել են միայն 7-ը։ 14-ը կատարվել են մասամբ, 3-ն ընդհանրապես չեն կատարվել։

Այս գնահատականները Հայաստանին տրվել էին GRECO-ի` հունիսին հրապարակված զեկույցում։ 2018 թվականի համար տրված հանձնարարականները վերաբերում էին պատգամավորներին, դատավորներին ու դատախազներին։ Պատգամավորների մասով տրված 7 հանձնարարականներից միայն 1-ն է լիարժեք կատարվել է։ 5-ը չեն կատարվել, 1-ը կատարվել է մասամբ։Դատավորների պարագայում 10 հանձնարարականից լիովին կատարվել են 3-ը, 6-ը՝ մասամբ, 1–ը չի կատարվել։Դատախազների վերաբերյալ 7 հանձնարարականներից 3-ը կատարվել են լիարժեք, 3-ը`մասամբ, 1-ը չի կատարվել։