ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չբացառեց ԱՄՆ–ում Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
«Սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են: Ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Սակայն ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման համար, կարծում եմ՝ դեռ վաղաժամ է»,–ասաց նա։
Կարապետյանը կարևորեց ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, որը որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու հայկական կողմի մոտեցումները, սպասելիքները, լսելու` կա՞ փոփոխություն պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում:
Կարապետյանը նաև հույս հայտնեց, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, բայց այս պահին դրա մասին խոսելը վաղ է:
Փաշինյան–Թրամփ հանդիպում կլինի՞. պատասխանում է Զոհրաբ Մնացականյանը
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: