Այս իշխանությունը չի կարող մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի. Ալեն Սիմոնյան

Մարտի 1–ի գործը, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռ շատ ջուր կտանի։ Ուստի, նա կարծում է, որ Քոչարյանին բաց չթողնելու որոշումը ճիշտ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Իշխանությունն այսքան ժամանակ չի դրսևորել իրեն որպես այնպիսի իշխանություն, որը կարող է մարդ սպանել, ծեծել, կամ մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության թեմային ու նրա մահվան այլ հնարավոր վարկածներին։

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

Նշենք, որ ԶԼՄ–ներում վարկածներ են շրջանառվում, թե հնարավոր է՝ Հարությունյանը նման քայլի է դիմել, քանի որ Մարտի 1–ի գործով վկա էր ու կարևոր ինֆորմացիա ուներ։

«Կա անձ, որին հրավիրել են հարցաքննության, և որը պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը: Բացի այդ, նրա մահվան առնչությամբ տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում են` սպանել են, որ ցուցմունք չտա Մարտի 1-ի գործով: Չի կարելի գնալ այդ ճանապարհով: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ կլինի, քանի որ խոսքը մարդու կյանքի մասին է»,–ասաց նա։

Սիմոնյանի խոսքով` որևէ մեկը թող չկասկածի, որ բոլորին հայտնի է դառնալու, թե դեպքն ինչպես է իրականում եղել։

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Հարցին՝ Մարտի 1-ի գործով վկաների անվտանգություն վերահսկման անհրաժեշտության կարիք կա՞ արդյոք, Սիմոնյանը պատասխանեց, թե Ռոբերտ Քոչարյանին բաց չթողնելու որոշումը ճիշտ էր։ «Այս գործը դեռ շատ ջուր կտանի, և այն վերաբերում է մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքներին։ Մյուս կողմից, մերօրյա Հայաստանը հանգիստ երկիր է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:

Դեպքը կատարվելու պահին նա մենակ չի եղել, իսկ նրա հետ եղած կինն արդեն իսկ հարցաքննվել է։ Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ մահից առաջ Հարությունյանը զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել։