Թող հրապարակի փաստերը, որոնց մասին խոսում է. «Իմ քայլից» պատասխանել են Վանեցյանին

Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանի Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնը` քննադատելով ներկա իշխանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Անհասկանալի է, թե ինչու է Արթուր Վանեցյանը խոսում փաստերի մասին, բայց չի ներկայացնում դրանք։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վանեցյանը մի քանի օր առաջ լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ հանդես գալով ներկա կառավարությանը քննադատող հայտարարությամբ։

Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին և խիստ գնահատականներ տվել։

«Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ: Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա»,–ասել է Փաշինյանը:

Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Դրան հետևեց Վանեցյանի պատասխանը: Նա հիշեցրեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն  հրամանատար չէ: Վանեցյանի խոսքով` ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին:

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին նշեց, որ ՀՀ-ում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն, և եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն՝ պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը։

Մակունցի գործընկեր Հրաչյա Հակոբյանի խոսքով` այն, որ Արթուր Վանեցյանը քաղաքական հայտարարություններ է անում, ցույց է տալիս, որ վաղուց է սկսել զբաղվել քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր պաշտոնի հետ:

Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին

Հրաչյա Հակոբյանը նշեց՝ բոլորն են տեսնում, թե ինչքան մարդ կա, որ իշխանության հետ չէ, բայց նրանք ազգի դավաճաններ չեն: Ուղղակի կան մարդիկ, ովքեր ուղղորդված դավադրություններ են իրականացնում. «Ընդգծեմ` դա չի վերաբերում պարոն Վանեցյանին։ Ես ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ նրա հայտարարությունը սխալ է և ոչ ոք չի պատրաստվում ճնշել նրան։ Հանրության մոտ նրա նկատմամբ վստահություն չկա: Նա այդ վստահությունն ուներ, բայց երբ իր քաղաքական առաջնորդին փորձեց վարկաբեկել կամ սպառնալիքներ հնչեցնել, թե հայտարարություններ կանեմ՝ հանրության մոտ բացասական արձագանքի արժանացավ»,-ասաց նա:

«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

Նշենք` լուրերն այն մասին, որ Վանեցյանը զբաղվելու է քաղաքականությամբ, առայժմ չեն հաստատվել։