«Տարվա լավագույն հեռուստասերիալները» անվանակարգում ընդգրկվել էին «Լիրբ կինը» ("Дрянь") և լեգենդար «Գահերի խաղը», բայց գլխավոր դափնիներին արժանացավ «Չեռնոբիլ» մինի–սերիալը` արժանանալով «Էմմիի» միանգամից 3 արձանիկի։
«Չեռնոբիլ» սերիալը նկարահանել էր HBO ամերիկյան հեռուստաընկերությունը բրիտանական Sky հեռուստացանցի հետ համատեղ։ Մրցանակը շնորհվեց շվեդ կինեմատոգրաֆիստ Յուհան Ռենկին` «ռեժիսորական ակնառու աշխատանքի համար», լավագույն սցենարի համար պարգևատրվեց ամերիկացի Քրեյգ Մեյզինը, իսկ ֆիլմի ամբողջ թիմն արժանացավ «բացառիկ մինի–սերիալ» մրցանակին։
Անուշադրության չմատնվեց նաև կինեմատոգրաֆիայի ամբողջ պատմության ընթացքում ամենադիտվող ֆիլմերից մեկը` «Գահերի խաղը», որն արժանացավ հեռուստատեսային գիտության և արվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակին, ինչպես նաև արդեն չորրորդ անգամ «տարվա լավագույն դրամատիկական սերիալ» ճանաչվեց։ Թիրիոն Լանիստերի դերակատար Փիթեր Դինքլեյդն արդեն 4-րդ անգամ է մրցանակ ստանում երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Ուշադրության կենտրոնում էր նաև բրիտանական «Լիրբ կինը» սերիալը, որը նկարահանվել է դրամատիկ կատակերգության ժանրում։ Գլխավոր դերի համար պարգևատրված դերասանուհին և համատեղությամբ ֆիլմի սցենարիստը կատակով հայտարարեց, որ իր հաղթանակը ապացույցն է այն բանի, որ «կեղտոտ կինը, նույնպես կարող է Emmy–ի արժանանալ»։
Արարողությանը ներկա էին բազմաթիվ աստղեր։ Մանրամասները դիտեք մեր ֆոտոշարքում։
Հիշեցնենք, որ առաջին արձանիկը շնորհվել է 1949 թվականի հունվարի 25-ին Հոլիվուդի մարզական ակումբում, սակայն այն ընդգրկում էր միայն Լոս Անջելեսի ծրագրերը։ «Էմմի» անունը ֆրանսերեն «immy» բառից է, այդպես էին անվանում առաջին հեռուստացույցներում կատոդային խողովակը (image orthicon–ի կրճատ տարբերակը)։ Այն ատոմը, որը կինը պահում է իր ձեռքում, խորհրդանշում է հեռուստատեսությունը որպես գիտություն, իսկ մեջքի թևերը` հեռուստատեսությունը որպես արվեստ։ 1950 թվականին «Էմմին» ազգային կարգավիճակ ստացավ և ընդգրկեց ամբողջ երկրի նախագծերը։