Անհանգստանալու առիթ չկա. ցնցումների օջախային գոտում լարվածությունը թուլացել է. սեյսմոլոգ

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ն ամեն օր ուսումնասիրում է Հայաստանի ու հարևան երկրների տարածքի սեյսմիկ ակտիվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեյսմիկ ակտիվությունը Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում, որտեղ վերջերս ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, հետզհետե մարում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի նախագահ Սոս Մարգարյանը։

Շիրակի մարզում հերթական երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնը դարձյալ Բավրայի մոտ է

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին, 20:22-ին երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Ցնցումներ են արձանագրվել ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Սեպտեմբերի 19-ին, ժամը 22:42-ին Շիրակի մարզի տարածքում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Մարգարյան. «Երկրաշարժի հետ կապված մեծ անոմալիաներ չկան»

Դա բնակչության շրջանում խուճապային տրամադրություն է առաջացրել ու սոցցանցերում մեծ իրարանցում է բարձրացրել։

Ուժգին երկրաշարժ Ալբանիայում. ավելի քան 100 մարդ է տուժել

«Գիտեք, որ մենք ակտիվ սեյսմիկ գոտում ենք ապրում։ Ամբողջ Կովկասն ու Հայաստանը, մասնավորապես։ Ինչ վերաբերում է հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջերս եղած ցնցումներին, ապա այստեղ բեկման գիծն է։ Այստեղ կարող են հաճախակի փոքր ուժգնության երկրաշարժեր լինել։ Վերջին ցնցումները հենց այդպիսին էին։ Դրանք բնորոշ են այս շրջանի համար»,- նշեց Մարգարյանը։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ն ամեն օր ուսումնասիրում է Հայաստանի ու հարևան երկրների տարածքի սեյսմիկ ակտիվությունը, գեոֆիզիկական ու գեոքիմիական լարվածությունը։

«Շատ դժվար է կանխատեսել՝ երբ կլինեն ցնցումները։ Սակայն այս պահին մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ անհանգստանալու առիթ չկա։ Այժմ այդ ցնցումների օջախային գոտում լարվածությունը թուլացել է», - ասաց մասնագետը։

ՊՈԱԿ-ը վերջին երկրաշարժի ժամանակ մասնագետների խմբեր էր ուղարկում ցնցումների գոտի։ Կենտրոնի գործառույթներից մեկն է բնակչությանը ցնցումների ժամանակ պաշտպանվելու հմտություններ սովորեցնելը։ Մարգարյանը խոստովանում է, որ երկրաշարժը զգացած բնակավայրների բնակիչները մի քիչ վախեցած ու անհանգստացած էին, սակայն,  ընդհանուր առմամբ, նրանք պատրաստ են նման իրավիճակներին։