Սարոյան եղբայրները. ինչպես անկախության հանրաքվեն կռվախնձոր դարձավ Գալստյանների ընտանիքում

Գալստյան եղբայրներից ավագը Հայաստանի անկախության հանրաքվեին «դեմ» քվեարկած քաղաքացիներից մեկն է։ Կրտսեր եղբայրը շատ է ջանում, բայց չի հասկանում ավագին։ Նրանց քաղաքական հայացքները գրեթե երբեք չեն համընկնում։
Sputnik

Գալստյանների ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է, բացի քաղաքական հայացքներից։ Եղբայրները` Խաչիկն ու Գառնիկը, ջանում են խուսափել քաղաքական թեմաներից, քանի որ խոսակցությունը գրեթե միշտ ավարտվում է վեճով։ Առաջին կռվախնձորը եղել է 1991 թվականին, երբ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 95,5%–ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախացմանը, իսկ Խաչիկը` դեմ։

Ի՞նչ նշանի տակ է ծնվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը. ի՞նչ են հուշում աստղերը

Նա այդ մասին շատ ավելի ուշ խոստովանեց. գիտեր, որ ընտանիքը նրան չի հասկանա և չի ողջունի։

Նույնիսկ շուրջ 30 տարի անց եղբայրը, թեև հասկանում է` ինչու է Խաչիկը դեմ քվեարկել, բայց չի կարողանում ընդունել նրա ընտրությունը։

«Այո, «սովետի» ժամանակ նրա համար մեծ ապագա կար, բայց պետության շահերը պետք է միշտ բարձր լինեն անձնականից։ Մենք միշտ երազում էինք անկախության մասին, իսկ հիմա մենք այդ անկախությունը պետք է պահպանենք և ամրապնդենք», – պնդում է Գառնիկը։

Իսկ Խաչիկը ժպտում և գլուխն է օրորում, որովհետև անկախությանը դեմ է քվեարկել` նույնպես ազգային շահերի մասին մտածելով։ Նա այսօր էլ է համոզված, որ մեծ գերտերությունում, որը վախ է ներշնչում, շատ բանի կարելի է հասնել։ Մինչև հիմա էլ համոզված է, որ եթե ԽՍՀՄ–ը չփլուզվեր, ապա Հայաստանի տեխնիկական, տնտեսական զարգացումն ավելի բարձր մակարդակում կլիներ։

«Սովետի» մնացորդները. Հայաստանում ինչ–որ բաներ դեռ հիշեցնում են ԽՍՀՄ–ի գոյության մասին

«Չգիտեմ` այն ժամանակ ճիշտ եմ վարվել, թե ոչ, բայց համարյա 30 տարի է անցել, ու ես առաջընթաց չեմ զգում: Ստացվում է` ես ճիշտ եմ», – ասում է ավագ եղբայրը։

Այստեղ արդեն դժգոհում է Գառնիկը։ Կատակում է, որ իրենք «ժամանակակից Սարոյան եղբայրներն» են, որովհետև նույն տանիքի տակ ապրելով` տարբեր կուսակցությունների են «երկրպագում». մեկն իշխանամետ է, մյուսը` ընդդիմադիր։ Նրանց հայացքները տարբեր են նաև արտաքին քաղաքականության հարցում։

Եղբայրները համոզված են` վեճը երբեք էլ չի ավարտվելու, բայց քաղաքականության պատճառով տարաձայնությունները ծեծկռտուքի հաստատ չեն հասնելու։ Նրանք հա՛մ իրար են սիրում, հա՛մ հայրենիքը։