ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի –Sputnik. Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստանին։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին Արցախում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու պատրաստակամության մասին։ Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը դեռ անցած ուրբաթ հայտարարել էր, որ փոխանակման մասին խոսք չի եղել։
Մնացականյանն այսօր ընդգծեց, որ համաձայն է Դավիթ Տոնոյանի հետ և ավելացնելու ոչինչ չունի պաշտպանության նախարարի ասածին։ Այն հարցին, այդ դեպքում, ինքն ինչպես է պատկերացնում Հայաստան երկու Ղազարյանների վերադարձը, Մնացականյանն ասաց.
«Պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է Հայաստան վերադարձվեն։ Նրանք որևէ հանցագործություն չեն կատարել, որպեսզի մարդասիրական իրավունքի նորմերը նրանց վրա չտարածվեն»։
Մանկասպան ահաբեկիչներին մոլորված մարդկանց հետ փոխանակելը հավասարազոր չէ. Հովհաննիսյան
Նախարարը վստահեցրեց, որ այդ մարդկանց հարցը հայկական դիվանագիտության օրակարգում է։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կկայանա Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ–ի խոսքով` բանակցությունների օրակարգը բոլորին քաջածանոթ է։ Սակայն հիմա առանցքային հարցերից մեկը միջավայրն է, որում տարվում են բանակցությունները։ Շատ կարևոր է երկխոսության համար պայմաններ ստեղծելը։