Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար. ՀՔԾ

Միհրան Պողոսյանն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

Այսպես, Միհրան Պողոսյանը իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ մնաց

Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ասեկոսեներ են. գլխավոր դատախազը` Միհրան Պողոսյանին կացարան տրամադրելու մասին

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։