Վանեցյանը կցանկանա՞ իր վարկանիշն օգտագործել քաղաքականության մեջ. «կանգ առ» կոչի հետքերով

Փորձագետները կարծում են, որ ԱԱԾ նախկին պետի էմոցիոնալ հայտարարությունները մատնում են նրա քաղաքական հավակնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արթուր Վանեցյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու հայտարարության տեքստը հստակ հայտ էր քաղաքականություն մտնելու մասին, միաձայն պնդում են հայ փորձագետները։

«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

Իսկապես, երկրի ղեկավարության հասցեին տրված գնահատականները, Վանեցյանի «կանգ առ»–ի կոչը բնորոշ չեն հատուկ ծառայությունների աշխատակցին։ Սովորաբար նման դեպքերում լուռ են հեռանում` սահմանափակվելով միայն չոր և զուսպ ձևակերպումներով։

Այդուհանդերձ,  Վանեցյանի հուզականության մեջ անհնար է քաղաքական տարրեր չտեսնել։

Sputnik Արմենիան այս թեմայով խոսել է փորձագետների հետ, որոնց կարծիքով` Վանեցյանը, կցանկանա ԱԱԾ–ում «տնօրինելու» ժամանակ ձեռք բերած իր բարձր վարկանիշն օգտագործել քաղաքական կյանքի համար։ Վերջին տարվա աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումները լրջորեն բարձրացրել են ԱԱԾ–ի այդ կառույցի ղեկավարի վարկանիշը հանրության աչքերում։

Վերջին ամիսների սոցիոլոգիական բազմաթիվ հարցումները ցույց էին տալիս, որ Վանեցյանի անձի նկատմամբ մեծ վստահություն կա։ Եվ որոշակի պահի ԱԱԾ նախկին պետը կարող է կապիտալիզացնել այդ վարկանիշը քաղաքականության մեջ։

Ճիշտ է` այստեղ էլ որոշակի վերապահումներ կան։ Այսպես, օրինակ, քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ ներկա պահին միանշանակ չի կարելի խոսել ԱԱԾ նախկին տնօրենի բարձր վարկանիշի մասին, քանի որ ԱԱԾ–ի «հետհեղափոխական» ղեկավարի նկատմամբ վստահությունը կառուցվում էր, նախևառաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարի և կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի հետ ասոցացնելու հիման վրա։

Արթուր Վանեցյանն ընտանիքի հետ Վրաստան է մեկնել

«Մյուս կողմից, պետական գործչի վարկանիշը բավական փոփոխական երևույթ է։ Պետական ծառայությունը քաղաքական կապիտալի այն ծավալը չի տալիս, որը հնարավոր կլիներ օգտագործել պաշտոնից ազատվելուց հետո», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դունամալյանը։

Նրա խոսքով` անկախ Հայաստանի պատմությունը բազմիցս է դա ցույց տվել։ Սակայն, անկախ դրանից, Վանեցյանի երիտասարդ լինելը կարող է բավական հարմար լինել քաղաքական գործունեության համար։

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե Վանեցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Վանեցյանն արդեն հերքել է այդ լուրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։