ՄՀՄՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար
«Դիրքորոշումային» դադարն ավարտվեց
«Երրորդ իշխանության» տրանսֆորմացիայի և այդ ճանապարհին հավանական թերությունների ու ձեռքբերումների մասին շատ են գրել և խոսել, Երևան են ժամանել «անցումային արդարադատության» գծով անվանի փորձագետներ։ Սակայն այդ ամենը դիրքորոշման ժամանակավոր դադարի էր նման, ինչը բացատրություն ուներ ամառային արձակուրդի նախաշեմին։ Հասկանալի էր, որ «հեղափոխական երկրորդ փուլ» ուղղակի անցկացնել չի հաջողվի, սակայն որոշակի կտրուկ շարժումներ, որոնք արմատապես կփոխեին ուժերի դասավորվածությունը, չէին ձեռնարկվում։
Ավելին, Փաշինյանը օգոստոսին դժվար երկընտրանքի առաջ կանգնեց՝ բարձր վարկանիշի և ժողովրդի աջակցության պահպանո՞ւմ, թե՞ քաղաքական և տնտեսական նպատակահարմարությամբ թելադրվող ոչ ընդունելի որոշման կայացում։ Սրա համար անմիջական պատճառ դարձավ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հանուն արդարության պետք է ասել, որ այս խնդիրը նախկին իշխանությունից է ժառանգություն մնացել նախարարների այսօրվա կաբինետին։ Ու որոշման բեռը հիմա Փաշինյանի թիմի ուսերին է։
«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար
Չենք վերաշարադրի Ամուլսարի ամբողջ պատմությունը։ Կարձանագրենք միայն, որ այն դարձավ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած անձանց հանդեպ հասարակական դժգոհության առաջին լուրջ դրսևորումը։ Հատուկ ընդգծենք` սա ոչ թե մասնատված և թույլ ընդդիմության կողմից Փաշինյանին դեմ գնալու փորձ էր, այլ հենց հասարակական դժգոհություն։
Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան
Սակայն աշնան հետ իրավիճակը կտրուկ փոխվեց։ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ նկատելի աշխուժություն սկսվեց։ Եվ դա կապված է ոչ թե կառավարության տնտեսական ծրագրերի (նույն Ամուլսարի) կամ սոցիալական բարդ խնդիրների լուծման հետ, այլ դատական համակարգի, ինչպես նաև ՀՀ իշխանության ուժային բլոկի։
Լուսանկարիչների լեզվով ասած, մենք ֆոկուսի փոփոխություն ենք տեսնում։ Դարձյալ առաջին պլան են դուրս գալիս դատարանները։ Սակայն, ամենայն հավանականությամբ, «հեղափոխության երկրորդ փուլը» կառնչվի ոչ միայն արդարադատությանը, այլև իրավապահ ոլորտին։ Եվ դա, որքան էլ անձնական գնահատականներ տանք ՀՀ–ի այսօրվա իշխանության քայլերին, տրամաբանական է։ Դատարանն ու իրավակիրառական պրակտիկան երկու հաղորդակից անոթներ են։ Եվ դատարանների լոյալությունը վատ է համադրվելու ոստիկանների կամ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հակադիր դիրքորոշման հետ։ Ցանկացած իշխանության համար նման աններդաշնակությունը վտանգավոր մարտահրավեր է։
Սահմանադրության մասին վեճեր. ոչ միայն իրավունք, այլև քաղաքականություն
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի իրավական հանգամանքների վերաբերյալ որոշում կայացրեց։ Հայաստանի բարձրագույն դատական ատյանի որոշման համաձայն` խախտվել էր ընթացակարգային նորմը, որի վրա հիմնվում էր այդ որոշումը։ ՍԴ–ն եզրակացրեց, որ այդ նորմը հակասում է երկրի մայր օրենքին։ Եվ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով` այն պետք է դառնար վերջնական և բողոքարկման չենթակվող։
Հավանաբար, եթե Քոչարյանի գործը քաղաքացիաիրավական կամ սովորական քրեական քեյս լիներ, ապա ՀՀ ՍԴ ղեկավարի ասածը կարելի էր «գործելու ուղեցույց» համարել։ Սակայն ամբողջ այս պատմությունը ոչ պակաս ներքաղաքական օրակարգի մաս է։ Փաշինյանի և նրա թիմի կարծիքով` նոր իշխանության դատական համակարգի ոչ լոյալ լինելը ծայրահեղ կարևոր խոչընդոտ է երկրի ներսում դրական փոփոխությունների համար։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ նրանց համար խորհրդանշական կերպար է, որը կապված է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության հետ։ Եվ այս համատեքստում Քոչարյանին պատժելը դիտարկվում է որպես պատմության հետ հաշիվ փակելու տարբերակ և երկրի քաղաքական առաջընթացի սկիզբ։
Այդ իսկ պատճառով այն պահից, երբ հրապարակվեց ՍԴ-ի որոշումը, պարզ դարձավ, որ կհաջորդի իշխանության պատասխանը։ Այն էլ` խիստ պատասխանը։ Այդպես էլ եղավ սեպտեմբերի 16-ին։ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները սկսեցին քննարկել ՍԴ նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Վարչապետի առավել մտերիմ համախոհներից մեկը` ԱԺ խոսնակ (ոչ վաղ անցյալում փոխվարչապետ) Արարատ Միրզոյանը, հայտարարեց, որ խորհրդարանը որպես իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմին, որն արտահայտում է ընտրողների կամքը, բավարարված չէ երկրի բարձրագույն դատական ատյանի գործունեությամբ։
Այս գնահատականին կանխատեսելիորեն աջակցեց Նիկոլ Փաշինյանը` իր մամուլի ասուլիսի ժամանակ կոչ անելով մտածել ՍԴ հեռանկարների մասին ընդհանուր առմամբ։ Միևնույն ժամանակ և՛ վարչապետի, և՛ ԱԺ խոսնակի հայտարարություններից երևում է, որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը առնվազն հռետորաբար փորձում են հավասարակշռություն պահպանել քաղաքական նպատակահարմարության և իրավական փաստարկների միջև։ Որքան էլ Փաշինյանն իրեն ժողովրդական առաջնորդ, հեղափոխական գործիչ ու վառ հռետոր ներկայացնի, մինչ այս պահը նա երբեք ամբողջությամբ չի անտեսել իրավական փաստարկները։ Այդպես էր և՛ խորհրդարանի նախկին կազմը ցրելիս (որտեղ գերիշխում էին հանրապետականները), և՛ նոր ԱԺ–ի և Երևանի ավագանու ընտրարշավի ժամանակ։ Դժվար չէ ենթադրել, որ դատական կորպուսի (որն ավելի ուժեղ է կապված կորպորատիվ էթիկայով, քան պատգամավորները) և իրավապահների հետ հարաբերություններում իրավական տրամաբանությունը (կամ գոնե դրա որոշ տարրեր) դժվար կլինի պահպանել մինչև վերջ։ Եվ դա հետագայում նոր իշխանության համար և՛ խնդիրներ է առաջացնելու, և՛ բախումներ։
Վանեցյանը` նոր քաղաքական գործի՞չ
Նկատենք, որ ՍԴ հեռանկարների մասին հռետորական «դուպլետը» համընկավ ներքաղաքական ևս մեկ նշանակալի իրադարձության հետ։ Նույն օրը` սեպտեմբերի 16-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետի պաշտոնից ազատելու մասին։
Թեև այս «էքսպրոմտն» այդպիսին չէր բառի բուն իմաստով։ Վանեցյանի հրաժարականը նախքան այդ քննարկվել էր ԶԼՄ–ներում և սոցցանցերում։ Առավել ևս, որ ներկայիս Հայաստանում ոչ թե նախագահը, այլ վարչապետն է որոշումներ ընդունող առանցքային կերպարը։ Միևնույն ժամանակ, նրա և Վանեցյանի տարաձայնություններն առանձնապես գաղտնիք չէին։ Պետք է անմիջապես նշել։ ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո մեկնաբանություններ հայտնվեցին, որտեղ նա ներկայացվում էր գրեթե որպես «հին իշխանության գործակալ», ուժային կառույցի ներկայացուցիչ, որը հակադրվում է «արևմտյան լիբերալներին», որոնց ազդեցությունը նրա հեռանալուն պես կտրուկ կուժեղանա։
Երևի պետք չէ պարզեցնել և ամբողջ խնդիրը բարդել «ազգային կողմնորոշում ունեցող կադրերի» և «հայրենամերժ կոսմոպոլիտների» մտացածին դիմակայության վրա։ Անվիճելիորեն հարմար սխեմա է, սակայն շատ բան չբացատրող։ Հատկապես Փաշինյանի ղարաբաղյան հայտարարությունների ֆոնին, որոնց կարող էր նախանձել ցանկացած աշխարհաքաղաքական «ավանդապաշտ»։
Վանեցյանի օրինակով մենք ցանկացած հեղափոխության (անգամ` «թավշյա») հետաքրքիր պարադոքս ենք նկատում։ ԱԱԾ նախկին ղեկավարը` որպես պայմանական ռազմական մասնագետ, քիչ բան չի արել նոր իշխանության համար։ Եվ նրա դերը նույն Քոչարյանի գործում (և հակակոռուպցիոն գործընթացներում ընդհանուր առմամբ) և Փաշինյանի աջակցությունը նրան` տեղեկատվության սկանդալային արտահոսքից հետո, ակնհայտորեն խոսում են այդ մասին։ Սակայն հին դիլեմաները` հեղափոխական տրանսֆորմացիաների տեմպերի և դրանց իրականացման հավանական մեթոդաբանության վերաբերյալ, Վանեցյանին ընդդիմություն տարան։ Եվ չի բացառվում, որ մոտ ապագայում մենք դեռ կլսենք, որ ԱԱԾ նախկին ղեկավարը քաղաքական գործիչ է դարձել և ընտրողին առաջարկելու բան ունի` արդեն որպես ինքնուրույն խաղացող։ Կոռուպցիայի դեմ պայքարը վատ բրենդ չէ։ Միևնույն ժամանակ դրա մեջ հավանական քաղաքական գործիչ–ռեստավրատոր տեսնելը բավականին խնդրահարույց է։
Հայաստանում հնարավոր է նոր ընդարձակ կոալիցիայի ստեղծումը, որն ուղղված կլինի արդեն գործող կառավարության դեմ։ Սակայն դա կախված է ոչ միայն պոտենցիալ մասնակիցներից, այլև նոր իշխանությունից, նրա գործողություններից, դատական և իրավապահ համակարգի փոփոխման գործում հաջողության հասնելուց։
Նոր օրակարգը պարզվում է
Որոշակի ամփոփում անենք։ «Հեղափոխության երկրորդ փուլի» և ՀՀ քաղաքականության այս` սեպտեմբերյան աշխուժացման միջև տեղի ունեցած «դիրքորոշումային» դադարի ընթացքում որոշակի կարևոր բաներ տեղի ունեցան։ Հասարակությունը դժգոհեց նոր իշխանությունից։ Քոչարյանի անավարտ գործի ֆոնին սա լուրջ խնդիրներ առաջացրեց կառավարության համար, նախևառաջ` նախաձեռնության կորուստ։ Իշխանությունները որոշակի առումով այդ նախաձեռնությունը վերադարձրին դատարանների և ուժային բլոկի ներսում փոփոխությունները խթանելու իրենց գործողություններով, օրակարգը հնարավոր եղավ տեղափոխել «անիծված անցյալի հետ հաշվեհարդարի» թեմայի դաշտ։ Սակայն նոր օրակարգի ձևավորումն անխուսափելի է։ Քոչարյանը` Քոչարյանով, սակայն ի հայտ են գալիս նոր ֆիգուրներ` ի դեմս փաշինյանական թիմում աշխատածների ու լքածների։ Առաջին պլան են մղվում նաև այնպիսի հարցեր, որոնք արդեն հնարավոր չէ բարդել նախկին նախագահների վրա։
Միևնույն ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր առաջատար քաղաքական գործիչները, որոնք որոշակի անհամաձայնություններ ունեն միմյանց հետ, չեն վիճարկում այն հանգամանքը, որ Մոսկվան հատուկ դեր ունի երկրի տնտեսական կյանքի և հատկապես անվտանգության հարցում։ Սակայն մյուս կողմից դատական համակարգի և ուժային բլոկի փոփոխությունը չափազանց կարևոր մատերիաներ են այդ գործն ինքնահոսի թողնելու համար։ ՀԿ-ների, «փափուկ ուժի» և իրավապաշտպան գործունեության անտեսման դեպքում նման սցենարն արդեն հանգեցրել է աղետալի արդյունքների:
Կարծում ենք, որ ազգային անվտանգության հարցերով զբաղվող հայ և ռուս գործընկերների համագործակցության բարձր մակարդակը հաշվի առնելով` այդ հարցերում Ռուսաստանի կողմից հասկացված լինելն ու արդյունավետ օգնություն ստանալն այսօր չափազանց կարևոր է։