Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կունենա. նախարարը հիմնավորեց անհրաժեշտությունը

Հայաստանի կառավարությունը որոշել է խորացնել 1992թ–ից հաստատված դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Իսրայելում դեսպանություն հիմնել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Սերբիան ցանկանում է Հայաստանում դեսպանություն բացել. հանդիպել են 2 երկրների նախագահները

Նախարարը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան ու տարբեր մակարդակներում շփումները, հետևաբար, դիվանագիտական ներկայացուցչություն ունենալն առավել անհրաժեշտ է դարձել։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելը, անպայմանորեն, կնպաստի հայ-իսրայելական փոխգործակցության խորացմանը, միաժամանակ ապահովելով դրա բնականոն զարգացումը»,– ասաց Մնացականյանը։ 

Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը, նրա խոսքով,  պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավոր արևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա։

Դանիայում ՀՀ դեսպանությունը կփակվի. ԱԳՆ–ի պարզաբանումը

«Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,– ասաց նախարարը։

Կառավարության անդամները նախարարից հետաքրքրվեցին` արդյո՞ք Իսրայելը պատրաստվում է դեսպանատուն հիմնել Հայաստանում։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման պայմանավորվածոթյուն այս պահին չկա, բայց հայկական կողմն իր որոշումը չի պայմանավորում այդ հանգամանքով։

«Հայկական մաֆիա» ձևակերպումը մտահոգիչ է. ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելու ժամկետ է սահմանվել 2019թ. վերջ- 2020թ. սկիզբը:     

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին: Հետագա տարիներին, սակայն, այդ երկրում ՀՀ դեսպանների նստավայրերը մշտապես եղել են Իսրայելի սահմաններից դուրս։

Նշենք, որ 2000-2008թթ–ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը՝ Փարիզ։ 2012-2018թթ–ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում։ Իսկ 2018 թվականի մարտից Իսրայելում ՀՀ դեսպանն Արմեն Սմբատյանն է` նստավայրը՝ Երևան: