ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկել է 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, գերմանացի հանրահայտ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը և ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը:
Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թոփչյանը տեղեկացրեց, որ երեկոյին Չաուշյանը ներկայացնելու է Դվորժակի թավջութակի կոնցերտը, Ֆրիդրիխը` Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Սուդբինը՝ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը:
«Փառատոնի առավելություններից եմ համարում այն, որ մենք կարողանում ենք Հայաստան հրավիրել ականավոր դիրիժորների, առանձնահատուկ երաժիշտների: Հրավիրում ենք ստեղծագործողների, որոնց համար երաժշտությունն առաջնային է»,-ասաց Թոփչյանը՝ շեշտելով, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձգտում է ավելի ու ավելի բարձր որակի:
Ռայնհոլդ Ֆրիդրիխն ասաց, որ հաճույքով է համագործակցում նվագախմբի հետ: Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին` թոփչյանշեփորահարը նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար:
«Այն խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից է և հազվադեպ է կատարվում աշխարհում: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-շեշտեց Ֆրիդրիխը:
Խոսելով հայ կոմպոզիտորների մասին` երաժիշտը խոստովանեց, որ 14 տարեկանում նվագել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտն ու հեղինակավոր մրցանակի արժանացել:
«Ամեն տարի երկու կամ երեք անգամ կատարում եմ այն: Փորձում եմ շեփորով կատարել Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխը՝ հավելելով, որ մեծ սեր է տածում դեպի Հայաստանն ու սիրում է մեր երկրի օդը:
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ամբողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտ մասնակցելու է շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգի: Անցկացվելու են վարպետության անվճար դասեր:
Նախատեսվում են համերգներ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարեդարձին:
Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում
Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: