Ինչի մասին է խոսել Օսիպյանը խորհրդակցության ժամանակ. տեսանյութ

Պաշտոնից ազատված ոստիկանապետը հարկ եղած դեպքում պատրաստ է իր փորձով ու գիտելիքով աջակցել համակարգին։
Sputnik

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել

Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։ Նա առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերին՝ փաստելով, որ հասարակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։

Օսիպյանը նշել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը, և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։

Նշենք, որ Օսիպյանը պաշտոնից ազատվել է այսօր` սեպտեմբերի 18-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրամանն է ներկայացրել նրա ազատման միջնորդագիրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է ազատման հրամանագիրը։ Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018–ի մայիսի 10-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո։

Մինչ այդ` 2012թ.–ի սեպտեմբերից մինչ 2018–ի մայիսը, եղել է Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը։ 2009-2010 թթ. Օսիպյանը ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ է եղել, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատար, 2011-2012 թթ.-ին` Երևանի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։