ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի ուզում, որ իր անունը կապվի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Վանեցյանն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ։ Կլինի քննություն, և քննությունը կասի` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։ Թող որևէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։ «Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:
Նրա խոսքով` պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
Այս հայտարարությունից հետո սոցցանցերում և ԶԼՄ–ներում կարծիքներ հնչեցին, թե նա հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի, մասնավորապես` Միքայել Մինասյանի հետ։
Տարօրինակ է, որ Վանեցյանը սուր որակումների է արժանանում. ԲՀԿ–ն դեռ գնահատական չի տալիս