«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից մեկնարկած քայլերթի ուղին հայտնի չէ։ Մասնակիցների շարքում է նաև «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Քոչարյանին դատել են», «Հաղթանակ» վանկարկումներով մի խումբ մարդիկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից սկսել են երթ իրականացնել։

Քոչարյանի որդին չի բացառում Վանեցյանի պաշտոնանկության ու Մարտի 1-ի գործի հնարավոր կապը

Դատարանը քիչ առաջ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը. Քոչարյանը կմնա կալանքի տակ։

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես մասնակցում է քայլերթին։ Քայլերթի ուղին հայտնի չէ։ Ոստիկաններն ուղեկցում են երթի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց Աննա Դանիբեկյանին։

Քոչարյանի խափանման մասին որոշումից առաջ դատարանի բակում բողոքի ակցիաներ են ընթանում