ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության «քաղաքացիական» թևի և ուժայինների դիմակայության մեջ ընտրություն է արել հօգուտ առաջինների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի հրաժարականը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։ «Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:
Իսկ լրագրողների հետ զրույցում Վանեցյանն այսօր նշեց նաև, որ երեկվա իր հրաժարականից հետո նկատելի է նախկին իշխանության ներկայացուցիչների խանդավառությունը։ Սակայն ուզում է նրանց ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։
«Իմ կարծիքով` Վանեցյանի հրաժարականը դարձել է իշխանության ներսում բազմամսյա պայքարի արդյունք։ Փաշինյանն ընտրություն է կատարել հօգուտ «քաղաքացիական» թևի։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը փորձում է որոշակի պայմանավորվածությունների հասնել Ամուլսարի հարցի, Քոչարյանի գործի, Սահմանադրական դատարանի և Ստամբուլյան կոնվենցիայի ֆոնին», – ասաց Հակոբյանը։
Գաղտնիք չէ, որ իշխանության «սորոսական ճյուղը» վաղուց էր պահանջում որոշ ուժայինների հրաժարականը, առաջին հերթին` Վանեցյանի, նշում է փորձագետը։
Երկար ժամանակ Փաշինյանը փորձել է պահպանել հավասարակշռությունն այս ուժերի միջև։ Սակայն մի կողմից «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների ներգրավվելը բողոքի ցույցերին, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում արտաքին ճնշումը՝ ստիպել են կատարել այդ բարդ ընտրությունը։
Բացառված չէ, որ Վանեցյանը հրաժարվել է ինչ–որ հանձնարարություն կատարել։
ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքերը և վարչապետի մամուլի քարտուղարի արձագանքը վկայում են այն մասին, որ որոշումը չի ընդունվել փոխադարձ համաձայնության հիման վրա, ինչպես ուզում էր ներկայացնել Փաշինյանը։
«Վանեցյանի հայտարարությունը, միանշանակ, կրում է քաղաքական բնույթ։ Դա հրաժարականի մասին սպայի հայտարարություն չէր, այլ քաղաքական առաջնորդի խոսքեր, որում գնահատական է տրվում թե՛ իշխանություններին, թե՛ նրանց գործողություններին։ Հետաքրքիր է, որ նա իր տեքստում խոսում է նաև ապագայի մասին` ակնարկելով, որ ինչ–որ զարգացումներ են սպասվում, որոնք անհամատեղելի են սպայի դիրքորոշման հետ»,–նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է «կանգ առ» կոչին, ապա դա, քաղտեխնոլոգի կարծիքով, բավական գեղեցիկ ակնարկ էր, որը հակադրվում է Փաշինյանի՝ «Քայլ արա» կարգախոսին։ Ենթադրվում է, որ հեղափոխությունն անցել է, եկել է աշխատելու, չհամակարգված գործողություններից հրաժարվելու ժամանակը։
Հակոբյանը չի բացառում նաև այն, որ Վանեցյանի հայտարարությունը քաղաքականություն մտնելու յուրահատուկ հայտ էր։
Եթե Վանեցյանը որոշի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ապա նրա համար առավել ընդունելի տարբերակ կլինի այլընտրանքային ուժի ստեղծումը, կարծում է Հակոբյանը։ Նա նշում է, որ իշխանությունները կառուցում են իրենց քաղաքականությունը նախկիններին հակադրվելու վրա` դրանով հանդերձ հայտնվելով շահավետ դիրքերում, բայց նոր ուժի դեպքում իրավիճակն այլ կլինի։
«Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կփորձի հայտնվել նոր բևեռում։ Միաժամանակ, պարտադիր չէ, որ նա հանդես գա առաջնորդի դերում։ Նման բարձր վարկանիշ ունեցող, իրազեկ, ֆինանսապես ինքնուրույն մարդը, որը նաև ամուր արտաքին կապեր ունի, կարող է ուժեղացնել ցանկացած քաղաքական գործչի», – նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ուժային կառույցներում հնարավոր նոր հրաժարականների մասին լուրերին, ապա, քաղտեխնոլոգի խոսքով, բացառված չէ, որ վարչապետը շարունակի զիջել իշխանության ներսում ճնշմանը։
«Բայց վստահ չեմ, որ նման զիջումների արդյունքում Փաշինյանը կստանա ակնկալվող աջակցությունը։ Չեմ բացառում, որ եթե զիջումներն ավելի շատ լինեն, ապա «թավշյա հեղափոխությունը», ըստ էության, վերածվի «գունավորի»։ Այդ դեպքում բոլորովին պարտադիր չէ, որպեսզի երկրի ղեկավարությունը փոխվի», – ասաց Հակոբյանը։
Հակոբյանը չի բացառում այն վարկածը, որ Վանեցյանի (կամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի) բարձր վարկանիշը կարող էր անհանգստացնել Փաշինյանին։
«Միգուցե ուժը, որը փորձել է հեռացնել Վանեցյանին իշխանության վերին օղակներից, շեշտը դրել է հենց դրա վրա։ Ի վերջո, երբեմն նույնիսկ լավ մանիպուլյատրոներն են հեշտությամբ ենթարկվում են մանիպուլյացիաների»,-նշեց Հակոբյանը։
Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին
Նշենք, որ ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում զբաղվել միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայով։