ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգները՝ թոռներն ու ծոռներն այսօր հյուրընկալվել են ՀՀ նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից, Թումանյանի ժառանգները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ։
Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում:
«Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է նախագահը:
Թումանյանի ժառանգներն Արմեն Սարգսյանին են նվիրել մեծանուն բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ: