Արամ Օրբելյանի խոսքով` պաշտպանական թիմը համընկնումներ է տեսնում Ռոբերտ Քոչարյանի գործի զարգացումների և գործադիր ու օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ որոշակի հարցեր բարձրացնելու մեջ։
Օրբելյանը հիշեցնում է խափանման միջոցի հարցի քննարկումը, երբ տեղի ունեցավ ԱԱԾ-ի տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը, դատավոր Ազարյանի որոշումից հետո դատավորների հասցեին հնչեցված մեղադրանքներն ու սպառնալիքները, այնուհետև դատարանների մուտքերի շրջափակումը, ինչին էլ հաջորդեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Այս ամենը ցույց է տալիս, որ դատական իշխանության նկատմամբ տեղի են ունենում որոշակի ճնշումներ, համակարգը փոփոխելու, վերանայելու գործընթաց, որի նպատակը Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալն է»,-համոզված է Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով` դատական իշխանություն հանդեպ նմանօրինակ ցանկացած դրսևորում ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում անընդունելի է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործի առնչությամբ ապօրինի որոշում է կայացրել։