ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած` կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։
Օրինագծին կողմ քվեարկեցին 74 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։
Նոր օրինագծով առաջարկվում է փոփոխությունն անել Քրեական օրենսգրքում և «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով հոդված ավելացնել։
Արամյան․ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դիմաց պատիժ նախատեսելը շատ կարևոր է»
Այդ դեպքում տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–ապատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի 80-100–ապատիկի չափով։
«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից». Նաիրա Զոհրաբյան