ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. 24–ամյա Նարե Ալավերդյանը չի սպասում, որ մարդիկ փոխեն հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ իրենց վերաբերմունքն ու դադարեն նրանց խղճալ: Նա պարզապես փորձում է իր ապրելակերպով փոխել մարդկանց։
Նարեն մանկական ուղեղային կաթված ունի, ինչը, սակայն, չի խանգարել, որ նա գնա այն ճանապարհով, որի մասին մանկուց է երազել. մասնագիտությամբ հատուկ հոգեբան Նարեն այժմ սովորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, շուտով մագիստրոսի կոչում կստանա։ Բացի այդ, Նարեն նաև ծանրամարտով է զբաղվում ու մրցումների պատրաստվում։
«Մեկ տարի է, որ ծանրամարտի եմ գնում` ապացուցելով, որ սպորտը չունի տղա–աղջիկ տարբերակումը։ Սա նաև ինձ համար կյանքի նպատակ է՝ կոտրելու կարծրատիպերը, որոնք կան հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, թե նրանք չեն կարող սպորտով զբաղվել, ուժեղ չեն և այլն»,–ասում է Նարեն։
Փոփոխությունների շրջանն աղջիկը սկսել է իր ընտանիքից. հիշում է` փոքր ժամանակ մայրն ասում էր, որ ինքը հիվանդ է ու «հաշՎանդամ», շատ բանի չի հասնելու կյանքում։ Նարեն երբեք մորը չի ուղղել, բայց իր պահվածքով, ձգտումներով ու գործուն քայլերով՝ ժամանակի ընթացքում մորը ստիպել է փոխել մոտեցումը։
Գորիսում ծնված–մեծացած աղջիկը խոստովանում է` դեպի հաջողություններ տանող ճանապարհը հարթ չի եղել։ Սակայն դժվարությունների մասին էլ շատ չի սիրում խոսել: Դպրոցական տարիները Նարեն մեկ բառով է նկարագրում` «Դաժան էր», ու անցնում է առաջ։ Միայն հիշում է` դասընկերները սկզբում լավ էին տրամադրված իր հանդեպ, շփվում էին իր հետ, քանի դեռ նրանց ծնողները չմիջամտեցին՝ իրենց երեխաներին հետ պահելով «հիվանդ երեխայի» հետ շփումից: Նարեն, սակայն, չի ընկճվել ու վստահ է եղել` հետո գալու է կայանալու, մարդկանց հակառակն ապացուցելու շրջանը:
Առաջին քայլը եղել է բուհում սովորելու համար հարազատ Գորիսից քաղաք Աբովյան տեղափոխվելը: Խոստովանում է՝ սկզբում մտավախություն է ունեցել, որ նոր միջավայրում իրեն կպիտակավորեն։
«Առաջին դասի վերջում դասախոսս մոտեցավ ինձ ու ասաց, որ ցանկացած դեպքում կարող եմ իր վրա հույս դնել։ Ինձ այդքանն էր պետք: Մնացածին ինքս հասա։ Ուզում եմ` հաշմանդամություն ունեցողներին չառանձնացնեն։ Եղել են դեպքեր, որ փողոցում ինձ մոտեցել ու գումար են տվել` մտածելով, որ մուրացիկ եմ։ Եվ դա միայն այն պատճառով, որ քայլվածքս տարբերվել է մյուսների քայլվածքից։ Սակայն այդ ամենն ինձ ավելի հեռուն նայելու ուժ է տվել»,–նշում է նա։
«Մենք ուրիշ չենք». հաշմանդամություն ունեցող մարդիկ հավատացե՞լ են փոփոխություններին
Նարեն ասում է, որ այնքան էր ուզում աշխարհը փոխել, որ հաղթահարեց ամեն ինչ, սկսեց նաև սպորտով զբաղվել։ Ավելին, կարծում է, որ եթե մարդն իր գոյությամբ աշխարհը չի փոխում, այն ավելի լավը չի դարձնում, ուրեմն` մի բան այն չէ։ Աղջիկը սովորելու տարիներին փոխվել է. ավելի ինքնավստահ է դարձել, սակայն այժմ խնդրի առաջ է կանգնած` աշխատանքի, ու այստեղ էլ պատճառն ամենևին էլ իր` ֆիզիկական խնդիրներ ունենալը չէ, այլ փորձի պակասը։ Նրա խոսքով` բուհերն ուսումնական պրակտիկաների բովանդակությունը պետք է փոխեն, քանի որ ոչ մի գործատու չի ուզում առանց փորձի աշխատանքի ընդունել։
Ինչ վերաբերում է երազանքներին` օրինակ՝ կուզենար եվրոպական ինչ–որ ծրագրի շրջանակում մեծ բեմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին խոսել` իր օրինակը բերելով։
Բացի այդ, Նարեն այժմ պատրաստվում է հոկտեմբերի 13-14–ին ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին` վստահ լինելով, որ բախտն այս անգամ էլ է ժպտալու իրեն։ Նա արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է մրցումների, 2–րդ տեղը գրավել, և այս անգամ պետք է փորձի ցուցանիշը բարձրացնել։
Հաշմանդամություն ունեցողների նկատմամբ ընկալումը փոխվել է, բայց դեռ անելիք կա. Օհանջանյան
Հ. Գ. Մինչ հարցազրույցի հրապարակվելը Նարեին գտնում եմ Facebook սոցիալական ցանցով, որպեսզի կապ պահպանեմ իր հետ։ Նարեն խնդրում է հարցազրույցի մեջ երազանքների թվին դասել նաև այն, որ ուզում է երեխաներ ունենալ, ու որ նրանք հպարտ լինեն իր մայրիկի անցած ճանապարհով։