Ինչու է ԵՊՀ–ի մամուլի խոսնակը դատի տվել բուհի ղեկավարությանը. պարզաբանում է Էմին–Տերյանը

Գևորգ Էմին–Տերյանը վստահ է, որ իր դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երևան պետական համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին–Տերյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ դատի է տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը:

«Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»»,– գրել է նա։

Դրանից հետո Էմին–Տերյանը խորհրդակցել է կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ և հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել է դիմել դատարան:

Ինչու է ԵՊՀ–ի մամուլի խոսնակը դատի տվել բուհի ղեկավարությանը. պարզաբանում է Էմին–Տերյանը

«Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում և պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր: Դրանով բարձր և միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից»,– գրել է նա։

«Նոու–հաու» ԵՊՀ–ում. պատասխանողն ու հայցվորը ռեկտորի պաշտոնակատարն է. «Հրապարակ»

Էմին–Տերյանը վստահ է, որ իր դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար: Նա հայտնել է նաև, որ ևս մեկ՝ չափազանց սկզբունքային հայց է ներկայացրել դատարան, որի մասին պարզաբանում կտա մի քանի օրից:

Գեղամ Գևորգյանը բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել մայիսի 30-ին։ Դրանից մեկ շաբաթ առաջ` մայիսի 23-ին, ռեկտորի պաշտոնից հրաժարվել էր Արամ Սիմոնյանը։