«Այո՛, մարտի 1-ի գործը բացահայտված է». Փաշինյանը` սպանությունների մասին

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ մարտի 1-ին զինվորներին օգտագործել են որպես վարձկաններ, նրանց վճարել են օլիգարխներից հավաքած փողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik.Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո՛, մեր զինվորներին բերել են, կանգնեցրել մեր պատուհանների տակ ու հրամայել են կրակել մեր տների վրա։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից։ Այո՛, բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչև վերջ, նաև այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը, այլ տեղում կրակված փամփուշտներով։ Քննչական խմբի ղեկավարը հիմա փախուստի է դիմել և թաքնվում է արդարադատությունից»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ զինվորներն օգտագործվել են որպես վարձկաններ, որոնց վճարել են օլիգարխներից հավաքած փողերով։

Եթե մարդ պետք է դատվի Մարտի 1–ը չբացահայտելու համար, ապա պետք է դատվի դատախազը. Քոչարյան

«Մեր զինվորին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան։ Սա է մարտի 1-ի էությունը։ Եվ դա արել են ժողովրդից խլված իշխանությունը պահելու համար»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտմանը, Փաշինյանը նշեց, որ դրանց համար նախ պետք է բացահայտվեն նախորդ 10 տարվա ընթացքում կոծկված ապացույցները։

Մարտի 1-ի զոհերի հուշարձան կկառուցվի. Փաշինյանն ընդունել է զոհերի հարազատներին

Հիշեցնենք` 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Ինչո՞ւ էին վիրավոր ոստիկանները վիրավոր ցուցարարներից շատ. փաստաբանը` Մարտի 1-ի մասին

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նրան գրավի դիմաց ազատ են արձակել:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 միլիոն դրամ փոխհատուցում կստանան