Արթուր Ալեքսանյանի ցավերը փորձելու են մեղմել մեր և մյուս հավաքականների բժիշկները

Հայ ըմբիշի նոր կոտրվածքից բացի, հին կոտրվածքն էլ է իր մասին հիշեցրել։ Մասնագետները փորձելու են ամեն ինչ անել նրա ցավերը մեղմելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտին հարցականի տակ է, որովհետև հարցը միայն երեկվա կոտրվածքը չէ։ Այս մասին հայտնեցին Sputnik Արմենիայի աղբյուրները։

«Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուրը կոտրել է կողը, բացի դրանից, զգացնել է տվել 2012 թվականին ստացած վնասվածքը (կողի հետ կապված)։ Հայ ըմբիշին զննում են ոչ միայն մեր հավաքականի բժիշկները, այլև աշխարհի առաջնությանը մասնակցող այլ հավաքականների մասնագետները։ Ամեն ինչ պարզ կդառնա գոտեմարտին նախորդող նախավարժանքի ժամանակ։ Եթե Արթուրը ցավ զգաց, ապա ավելի հավանական է, որ չի մասնակցի»,– ասաց մեր աղբյուրը։

Սակայն չի բացառվում, որ բժիշկները կարողանան ցավերը մեղմել ներարկման միջոցով։

Արթուր Ալեքսանյանին աշխարհի քառակի չեմպիոնի տիտղոսից մեկ քայլ է բաժանում

Հաշվի առնելով Արթուր Ալեքսանյանի խիզախությունն ու խոչընդոտներն անտեսելու ունակությունը` չի բացառվում, որ նա ոչ միայն կմասնակցի այդ գոտեմարտին, այլև կհաղթի։ Համենայն դեպս նրա մարզական կարիերայում նման օրինակ արդեն կա. 2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի գոտեմարտում հանրահայտ մարզիկը նույնատիպ վնասվածքով կարողացավ հաղթանակի հասնել։

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուրի հետ, նա մարտական է տրամադրված և մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել երեկ` Ղազախստանում ընթացող առաջնության 1/8–րդ եզրափակիչում, երբ գոտեմարտում էր թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ (գոտեմարտն ավարտեց 4։2 հաշվով)։ Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ անցկացրեց Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ։

Եզրափակիչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա այսօր Երևանի ժամանակով 16։00-ի սահմանում։

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր