ԵՐԵՎԱՆ, 16 Սեպտեմբեր — Sputnik. Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարին Հովհաննիսյանի ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում երկրորդ մրցանակային տեղն է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Շնորհավորում եմ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է հենց Տորոնտոյում` սեպտեմբերի 7–ին։ Ֆիլմը 2018–ի հայաստանյան հեղափոխության մասին է։
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։
Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։ Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: