Լեհաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Հայաստանում մահացած զբոսաշրջիկի դին հայրենիք տեղափոխելու հարցով

Լեհաստանի դեսպանատունը միջադեպից անմիջապես հետո կապ է հաստատել աղջկա հետ՝ նրան ամեն հարցում աջակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Լեհաստանի ԱԳՆ-ի Կենտրոնական ապարատը զբաղվում է Արագածում մահացած Պյոտր Բարլոգայի դին հայրենիք տեղափոխելու հարցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլյակը։

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ

«Դեսպանատան հյուպատոսական բաժանմունքը զբաղվում է ողջ մնացած զբոսաշրջիկի խնդրով։ Մենք անհապաղ Վարշավա տեղեկացրել ենք պատահարի մասին։ ԱԳՆ-ի Կենտրոնական ապարատը քննարկում է մահացած զբոսաշրջիկի հուղարկավորման ու ողջ մնացած աղջկան սատարելու հարցերը», - ասաց դեսպանը։

Հայաստանում գտնվող զբոսաշրջիկ, ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել էր Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին:  Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

«Ամենայն հավանականությամբ՝ տղամարդն ուզեցել է պաշտպանել կնոջն ու փորձել է քշել արջին», - փոխանցում է լեհական Radio Zet-ը։

Հիշեցնենք՝ Պյոտրն ու Մարգոն մի քանի օր առաջ ավտոստոպով են Հայաստան եկել։ Նրանք ճանապարհորդել են երկրում ու որոշել են նաև Արագած բարձրանալ։