«Դեղին քարտ» թիմին. Փաշինյանը նախազգուշացրել է «անհավատարիմ» կողմնակիցներին

Վարչապետը դժգոհ է, որ քաղաքական թիմի անդամներն իրեն միաձայն չեն աջակցել Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի անդամներին նախազգուշացրել է նրանց փոխարինելու հնարավորության մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով վարչապետի «պահեստային ուժ» ստեղծելու հնարավորությունը:

Բոզոյան. «Կան ուժեղ գործիչներ, որոնք կարող են կոնսոլիդացնել ընդդիմությանը»

Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, որ վարչապետը սկսել է «պահեստային» ուժ ստեղծել, որը վարկանիշի անվերադարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա: Թերթի տեղեկություններով՝ այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը»։

Հակոբյանի կարծիքով՝ նման հետևությունների համար հիմք կարող է լինել ոչ միայն վերջին օրերի քաղաքական իրավիճակի զարգացումը (նրա դաշինքի անդամների ոչ միանշանակ աջակցությունը Ամուլսարի հարցում), այլ նաև «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդների հետ վերջին հանդիպումը:

«Իշխանությունն այդ հանդիպումը նպատակուղղված վերածեց քաղաքական կարևոր իրադարձության: Դրանով է պայմանավորված, որ այս հանդիպման վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ ի հայտ եկան», - ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը գիտակցում է, որ երեք հիմնական դաշինքներից կազմված իր քաղաքական թիմը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քաղաքացիական հասարակության թևը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամները) այդքան համախմբված չէ, որքան ինքը կուզեր:

Հակոբյան. «Աշունը թեժանում է նախևառաջ կուտակված թեմաների ծանրության ներքո»

Ամռան իրադարձությունները (մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի շուրջ իրավիճակը) ցույց տվեցին, որ Փաշինյանի թիմը ոչ միշտ է պատրաստ աջակցել վարչապետին: Ընդ որում` դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտեցին հրապարակավ։

«Փաշինյանը հասկանում է, որ այդ թիմը ոչ միշտ նեցուկ կլինի: Չեմ բացառում, որ նա որոշել էլ «պրոֆիլակտիկա» անցկացնել և պահեստային տարբերակներ նախապատրաստել, այդ թվում՝ մտածել ներկա թիմին այլընտրանք ստեղծելու մասին», - նշեց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ խոսքն ավելի շատ գաղափարի, այլընտրանքային ուժի հայեցակարգի մասին է, քան այդ ուժի ստեղծման իրական քայլերի:

«Փաշինյանն ուզում է զսպել կամ նախազգուշացնել իր թիմին: Բացի դրանից, վարչապետը պետք է լրացուցիչ աջակցության վստահություն ունենա», - ասաց Հակոբյանը:

Եթե Ժիրայր Սեֆիլյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ մեկ տարուց կարող են խորհրդարանական ընտրություններ կայանալ, ապա կարելի է ենթադրել, որ ասվածը համաձայնեցված է եղել վարչապետի հետ:

«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ

Դա առնվազն պետք է անհանգստացնի «Իմ քայլը» դաշինքին և գործադիր իշխանությանը։ Այդպիսի հայտարարությունը նախազգուշացում է նրանց համար:

Գործող թիմի փոխարեն այլընտրանքային թիմ հայտնվելու հնարավորությունը կախված է տարբեր ուժերի հետ Փաշինյանի նոր, կոնկրետ պայմանավորվածություններից: «Պահեստային» ուժը կարող է ձևավորվել ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ուժերի հաշվին:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ տարբերակները շատ են: Բոլորի հետ պետք է առնվազն ժամանակավոր պայմանավորվածությունների հասնել։