«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը

Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում 10–րոպեանոց մի տեսագրություն է հայտնվել, որում ինչ–որ անձինք դժգոհում են Երևանի սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, «Я люблю Москву» (Ես սիրում եմ Մոսկվան) գրությամբ ցուցանակ տեղադրելուց։ Ցուցանակը տեղադրվել է Մոսկվայի օրվա կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի օրը Երևանում նշվեց հիմնականում Հյուսիսային պողոտայում` քաղաքի կենտրոնում։ Դրանից հետո Facebook սոցիալական ցանցում հայտնվեց ոստիկանների և ինչ–որ անձանց վիճաբանության 10–րոպեանոց տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում հեռացնել ցուցանակը, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս։

Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում

Կադրից դուրս հնչող ձայնը մեկնաբանում է դեպքերը։ Կինն անընդհատ կրկնում է, թե Մոսկվայում նույն կերպ հետաքրքրվո՞ւմ են Երևանով, ինչպես հայերը Ռուսաստանի մայրաքաղաքով։

«Մոսկվայում սիրո՞ւմ են Երևանը։ Նման բան տեղադրո՞ւմ են Ռուսաստանում։ Երևանի օրեր նշո՞ւմ են Մոսկվայում», – հարցնում է նա։

Sputnik Արմենիան այս առնչությամբ դիմել է համապատասխան գերատեսչություններին, որոնք հաստատ գիտեն, թե ինչպես են Երևանը և Հայաստանը ներկայացված Ռուսաստանի մայրաքաղաքում։

Ի՞նչ պատասխանեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից ասացին, որ Մոսկվայում ամեն տարի Երևանի օրեր են անցկացվում, ծրագրերում ներառվում են մարզական և մշակութային միջոցառումներ, գործարար համաժողովներ, պարտադիր կարգով մեկնարկում են երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների համատեղ համագործակցության վերաբերյալ նախագծեր։

Երևանի օրեր են անցկացվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ անցկացվել են այս տարվա հունիսի վերջին։ Պետերբուրգյան միջոցառումներին պաշտոնական պատվիրակություն է ներկա եղել` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։

Երևանը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի քաղաք–գործընկերն է, Դոնի Ռոստովի քույր քաղաքը։

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների վարչության պատասխանը

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների ստորաբաժանումից էլ հայտնեցին, որ Հայաստանը Մոսկվայի առևտրատնտեսական վաղեմի գործընկերն է։ 2019թ–ի սկզբին Մոսկվայում գրանցվել է 30 ձեռնարկություն` կանոնադրական ֆոնդում հայկական կապիտալով։

2018թ–ի ամռանը ՌԴ մայրաքաղաքում Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնը։ Ի դեպ, փառատոնն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2006թ–ին։

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

2005թ–ից ի վեր գրեթե ամեն տարի Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի տարածքում` Հեղափոխության հրապարակում, տեղի է ունենում հայ արտադրողների ապրանքների «Ոսկե նուռ» աշնանային ցուցահանդեսը` Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի ստորաբաժանման, առևտրի և ծառայությունների ստորաբաժանման և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցությամբ։

Մոսկվայի քաղաքապետարանը հաղորդում է նաև, որ քաղաքում կանոնավոր կերպով անցկացվում են տոնավաճառներ, որտեղ նաև գյուղմթերքն է ներկայացվում։

2018-2019թթ–ին Հայաստանի Հանրապետությունից հայտեր չեն ստացվել Մոսկվայի տարածքում տարածաշրջանային և մասնագիտացված տոնավաճառներ կազմակերպելու մասին։ Չնայած դրան, ի պատասխան ՌԴ–ում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի դիմումի, Մոսկվայի առևտրի և ծառայությունների բաժինը միջտարածաշրջանային տոնավաճառներում առևտրային կետեր է տրամադրել Հայաստանի մի շարք կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին, և նրանք ներկայացրել են իրենց արտադրած ապրանքները։

Երևանի քաղաքապետարանի պատասխանը

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` Երևանի քաղաքապետարանը պաշտոնական կայքի հղումներ է տրամադրել` Մոսկվայում (2013թ–ին և 2017թ–ին) և Սանկտ Պետերբուրգում (2013թ–ին, 2017թ–ին և 2019թ–ին) Երևանի օրերի տոնակատարությունների, ինչպես նաև Մոսկվայում «Ոսկե նուռ» փառատոնի մասին (2015թ–ին, 2017թ–ին և 2018թ–ին) նյութերով։ Քաղաքապետարանը նշում է, որ օրերի և փառատոների շրջանակում տեղի են ունեցել բազմաթիվ կլոր սեղաններ, հանդիպումներ և այլ միջոցառումներ։

Միայն ներկայացված փաստերը բավական են սպառիչ պատասխան տալու համար այն հարցին, թե որքա՞ն են Մոսկվայում տեղյակ Հայաստանի և Երևանի մասին։ Այս թեմայով բանավեճը բոլորովին անտեղի համարելով` այնուամենայնիվ հռետորական հարց է ծագում. այդ անձանց մոտ այդքան ակտիվ բողոք կառաջացնե՞ր այդպիսի նշանը, եթե Մոսկվայի փոխարեն ցուցանակ լիներ, օրինակ, Վիեննայի, Պրահայի կամ Մոգադիշոյի հանդեպ սիրո մասին։

Հ.Գ. Ցանկացած մարդ (նույնիսկ առանց պաշտոնական հարցումների) ընդամենը Google և Yandex որոնողական համակարգերում ամենապարզ որոնման արդյունքում կարող է հեշտությամբ տեղեկություններ ստանալ Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում Երևանի օրերի, Հայաստանի օրերի, Հայկական մշակույթի օրերի մասին։ Ռուսաստանի և Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցները լուսաբանել են այդ իրադարձությունները։ «Սենսացիոն» տեսագրության հեղինակներն իրենց մերկապարանոց հայտարարությունները ստուգելու համար պարզապես կարող էին «գուգլել»։ Եթե, իհարկե, նրանք այդ հարցերն անկեղծ են հնչեցնում, ոչ թե այլ նպատակներով...