ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներով գործով դատական նիստից հետո դատարանի բակում քաշքշուկ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մեկ անձ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հավաքվել են ինչպես Քոչարյանի աջակիցները, այնպես էլ նրա դեմ հանդես եկողները։ Քոչարյանի աջակիցները վանկարկում էին «Քոչարյան, հերոս», իսկ հակառակ կողմը` «Քոչարյան, դավաճան», և վանկարկումների պատճառով էլ կողմերի միջև քաշքշոց է սկսվել։
ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատելու հիմքեր չկան. դատախազները միջնորդություն ներկայացրին
Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, սակայն, հայտնի չէ, թե ինչ վնասվածք ունի։ Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ կարծես ոտքի կոտրվածք է ստացել։ Վնասվածք ստացած տղամարդուն հարվածողներին տարան ոստիկանություն։
ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատարանի բակից երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու։
Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ակցիա են անցկացնում դատարանի դիմաց. տեսանյութ
Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին։
Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, իսկ գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պաշտպանների դիմումը մերժելու միջնորդություն։ Բաղդասարյանն ասել էր, որ ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։