ՌԱԴԻՈ

Խաչատրյան․ «Մենք պետք է պահանջենք, որ պետությունն անընդհատ հաշվետվություն տա»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտաքին պետական պարտքի նվազման վերաբերյալ գրառմանը։
Sputnik
Խաչատրյան․ «Մենք պետք է պահանջենք, որ պետությունն անընդհատ հաշվետվություն տա»

Պետք է պահանջել, որ իշխանությունն անընդհատ տեղեկություններ հաղորդի, թե արտաքին պարտքի օգտագործումը ինչպես է կատարվում, օրինակ` դպրոց ենք կառուցում, ջրանցք ենք կառուցում կամ ծախսում ենք առողջապահության, կրթության համակարգի համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վահագն Խաչատրյանը։

Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում

«Այդ ամենը պետք է հաղորդվի, և հասկանանք` մենք հասել ենք մեր նպատակին, թե ոչ։ Արտաքին պարտք վերցնելն ինքնանպատակ չպետք է լինի․ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն։ Մենք չենք ասում` պետական պարտք մի վերցրեք․ առանց դրա չի լինի, բայց այդ պարտքը պետք է արդյունավետ օգտագործել»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով` պետք է ճիշտ հարցադրում անել՝ արդյո՞ք մենք ունենք այն ամենը, ինչի համար արտաքին պարտք ենք վերցրել։

Նա շեշտեց` մենք պետք է պահանջենք, որ պետությունն անընդհատ հաշվետվություն տա արտաքին պարտքի օգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այս տարվա օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով: